Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի ասի Բագվի համաշխարհային նշանակության մասին... Պապաշան այժմ կոսմոպոլիտ է դարձել... Ազգասիրությունը խեր չբերեց...

Միքայելը սկզբում քաղաքավարության համար կեղծ ժպտում էր։ Բայց շուտով ձանձրացավ խմբի շաղակրատանքից. զգում էր պարզ, որ շատերն իրեն ծաղրելու համար են եկել, մանավանդ Մոսիկոն, որին նա չէր սիրել։ Նա չափից դուրս վրդովվեց, երբ քնահարբ թղթամոլը, գիտակցաբար թե անզգուշությամբ, հիշեց Գրիշայի անունը և ակնարկեց հաշտության մասին։

— Երևի, սրախոսությանդ նյութը սպառվել է,— ասաց նա խորին տրտմտությամբ։

— Ինչո՞ւ, բավական կա, եթե կամենաս․

— Ուրեմն, ինձ հանգիստ թող...

— Ձերդ պայծառափայլութուն, գնանք, մեր բարեկամը վատ է տրամադրված,— դարձավ Մոսիկոն իշխան Նիասամիձեին։

Միքայելին թվաց, թե Մոսիկոն ինչ-որ ծաղրական նշան արավ Նիասամիձեին իր վերաբերմամբ։ Նրա նրբացած նյարդերն արդեն անզոր էին հանդուրժել ամենաթեթև ծաղրը, ուստի չկարողացավ իրեն զսպել և ասաց.

— Այո՛, շատ վատ եմ տրամադրված, միայն ոչ վեհանձն մարդկանց դեմ։

— Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրեց Մոսիկոն։

— Այն, որ հետևիցս հազար ու մի բան ես ասում, ծաղրում ինձ իբրև վախկոտի և գալիս ես առերես ցավակցություն հայտնելու։ Դա մարդավարություն չէ, բարեկամ...

Նկատողությունն արդարացի էր։ Մոսիկոն զգաց իր մեղքը. նա իր լեզուն չէր զսպել ընկերոջ վերաբերմամբ նույնիսկ Սուլյանի մոտ, որ այժմ ներկա էր և որ անզգուշութտյուն էր ունեցել իր լսածը Միքայելին հաղորդելու։ Այնուամենայնիվ, նա չուզեց խոսքի տակ մնալ և պատասխանեց.

— Եթե մարդավարության մասին սկսենք խոսել, կարող ենք շատ հեռու գնալ, այն ժամանակ, ով գիտե, ինչ բաներ կբացվեն։ Լավն էն է, որ ե՛ս լռեմ։

— Ո՛չ, կարող ես խոսել, ասա, ինչ ուզում ես, — շեշտեց