Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասաց և անցավ կնոջ բնակարանը։ Այստեղ ազատություն տվեց սրտի անսահման գրգռին։ Մինչև ե՞րբ պիտի շարունակվի այդ կնոջ կամակորությունը։ Գալու օրից բոլորին լարեց իր դեմ, իսկ եկավ նախապաշարված։ Չմտածեց, որ կրակը կրակով չեն հանգցնում։ Մոռացավ, որ այստեղ բոլորը վաղօրոք լարված և նախապաշարված էին իր դեմ։ Ինչու՞ չհարգել մի նահապետական կնոջ նույնիսկ անմիտ ավանդությունները։ Այդ ի՞նչ հիմար գժտություններ են, վերջապես չէ՞ որ մեկն ու մեկը պիտի հարմարվի մյուսի կամքին, եթե չեն կարող հաշտեցնել իրենց քըմքերը։

— Եվ դուք ուզում եք, որ ե՞ս լինեմ հարմարվողը,— գոչեց հեգնաբար Անտոնինա Իվանովնան,— այդ անկարելի է։ Ինչու՞ միշտ ինձ պիտի վիրավորեն, և ես լռեմ։ Այդ պառավն ամեն օր անիծում է իր բախտն այն պատճառով, որ դուք ամուսնացել եք հակառակ իր հայացքների։ Նա կարող է պախարակել ձեր արածը, բայց ինչու՞ է զրպարտում ինձ, թե իբր ես խաբել եմ ձեզ ու մոլորեցրել։ Դու՞ք սիրեցիք ինձ, թե՞ ես․ դու՞ք էիք իմ ոտների առջև չոքած խնդրում, որ կյանքս կապեմ ձեր կյանքի հետ, թե՞ ես։ Մի՞թե մոռացել եք ձեր սիրո երդումները, ինչու՞ չեք ասում այդ կնոջը ճշմարտությունը։ Փառք աստծու, այն ժամանակ երեխա չէիք, խելք ունեիք ձեր գլխում, ինչու՞ խաբվեցիք... Սմբատ Մարկիչ, Սմբատ Մարկիչ, ինձ մեղադրում են, որ փողի համար եմ ձեզ հետ ամուսնացել։ Դա վիրավորական է։ Ես հարուստ ծնողների զավակ չեմ, բայց... հպարտ եմ, այս ձեզ հայտնի է։ Հասկացրե՛ք ձեր մորն ու քրոջը, որ ես ձեր հարստության համար չեկա այստեղ, այլ միայն երեխաներիս պատճառով։ Նրանք կարոտում էին իրենց հորը, նրանց հայր էր հարկավոր, և ես իրավունք չունեի չբերել այստեղ։ Հասկացրե՛ք այդ կանանց, որ ես արհամարհում եմ ձեր միլիոնները...

Նրա ձեռները դողում էին, աչքերի մեջ պսպղում էր խորը վիրավորված հպարտության կայծը։ Նա խոսում էր անկեղծ և հոգու խորքից։

— Գիտե՞ք, ինչու համար երեխաներին չթողեցի