Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ մարդը։ Երբ Միքայելը լռեց, նա մտածեց, ի՞նչ պատասխանի։ Նա կարծում էր, թե պարտավոր է անպատճառ մի բան ասել։ Նրա սրտում հղացավ կարեկցության պես մի բան, որ, սակայն չկամեցավ արտահայտել։ Միևնույն ժամանակ զգաց, որ Միքայելի ասածներն անկեղծ են։ Այս անկեղծությունը բարձրացրեց նրա աչքում այն մարդուն, որի մասին նա այնքան ստոր գաղափար ուներ։

— Մնաք բարով,— ասաց Միքայելը, չարժանանալով Շուշանիկի կողմից ոչ մի խոսքի։

— Գնաք բարով։

Միքայելը հեռացավ արագ քայլերով, սիրտը դառնությամբ լի։ Ի՜նչ հպարտություն, ի՜նչ ինքնազսպում մի աննշան աղջկա կողմից։ Ո՞վ է նրան այդպես կրթել և պատրաստել։ Ի՞նչ շրջան է նրա մեջ ամրացրել կամքի այդչափ հաստատություն։ Նա այնքան զորեղ գտնվեց, որ մի խոսք անգամ չասաց Սմբատի մասին, ո՛չ հերքեց, ո՛չ բարկացավ և միայն լռեց։ Ա՜խ. այդ համառ լռությունը նրան հաղթահարեց ավելի, քան եթե խոսեր։

Դարձյալ ուշ գիշեր էր և դարձյալ Շուշանիկն անքուն շրջում էր իր սենյակում առանձնացած։ Նրա ականջներին դեռ հնչում էին Միքայելի խոսքերը։ Արդյոք, իսկապես անկե՞ղծ էին այդ խոսքերը, թե շինծու։ Բայց որքա՜ն նա իրեն անխնա քննադատեց, որքա՜ն պարսավեց։ Ո՛չ, նա զղջում է իր արածների համար և զղջում է, անշուշտ, առանց կեղծիքի։ Էհ, տերը նրա հետ, թող այսուհետև ինչ ուզում է մտածի։ Նա ինքն ասաց. «մնաք բարով», ուրեմն վճռեց վերջապես, թողնել Շուշանիկին հանգիստ։ Ավելի լավ. Շուշանիկն էլ նրանից հենց այդ պիտի պահանջեր, և առանց պահանջելու ստացավ ուզածը։ Տերը նրա հետ։

Եվ հետզհետե Միքայելի գրգռված կերպարանքը նսեմացավ, ներկայացավ Սմբատն իր առնական կեր պարանքով։

Ինչո՞ւ նա հանքերը չի գալիս. մի՞թե ուզում է Շուշանիկի հանդուգն երևակայության վրա սառը ջուր ածել կամ գուցե վճռել է ազատություն տալ իր եղբորը։ Ի՞նչ. մի՞թե Սմբատն ընդունակ է այս տեսակ ստորության։ Ո՛չ, երբեք․․․