Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մաշող առավոտյան հազը և նրա բողոքը երեխաների դեմ, որ չեն թույլ տալիս «ամբողջ գիշերը քնելու»։

Շուշանիկը դեռ անքուն էր։ Հագուստը հագին, գլուխն անզոր դրել էր սեղանի եզրին, ձեռների վրա։ Խիտ մազերը սփռվել էին ուսերին և ծածկել հոլանի բազուկները, որոնք փղոսկրի մաքրությունն ունեին։ Ա՜խ, եթե տեսներ նրան այդ րոպեին Միքայելը, մի թե կհամարձակվեր նրան գեղեցիկ չհամարել։ Արեգակի շողերն ընկան նրա վրա այնքան անվստահ, որ, կարծես, վախենում էին խանգարել տառապող աղջկա նիրհը... Գլուխը քիչ բարձրացրեց։ Աչքերն անքնությունից կարմրել էին, կոպերը փքվել սպունգի պես, այտերի վրա երևում էր անբնական կարմրություն։

— Էլի գիշերն անքո՞ւն ես անցկացրել,— լսեց մոր ձայնը և ցնցվեց։

Նա կեղծելում վարպետ չէր, ուստի լռեց։

— Ի՞նչ է պատահել քեզ, որդի, ի՞նչ ցավ է տանջում խեղճ երեխայիս։

Պետք էր կամ ստել կամ հարցուփորձից խույս տալ։ Շուշանիկը վախեցավ և քայլերն ուղղեց դեպի դռները։

Մայրը կտրեց նրա ճանապարհը։ Այս անգամ արդեն նա անպատճառ պիտի իմանա աղջկա ցավը։ Գիշերն անքուն, ցերեկն անգործ, ոչ կարգին ուտում է, ոչ խոսում, ոչ էլ առաջվա պես կարդում։ Նույնիսկ հորաքրոջ երեխաները գանգատվում են, թե «վարժուհին դաս չի տալիս» նրանց։ Ման է գալիս քնածի պես, օր-օրի վրա լղարում է, դեղնում, չորանում։ Ասա, որդի, ասա, ո՞ր չարն է քեզ տանջում, ո՞ւմ անեծքն է պատժում մորդ։ Կարելի է հորդ մրմունջներն են մաշում քեզ․ չէ՞ որ սկսել ես գանգատվել նրանց դեմ... Հիվանդ ու աստծուց պատժված մարդուց կարելի՞ է նեղանալ։ Այսօր-վաղը կկտրվի նրա անբախտ կյանքի թելը։ Ա՜խ, կար ժամանակ, որ նա էլ հայր էր, քեզ համար ոչինչ չէր խնայում, պահում էր քեզ ինչպես աչքի լույս։ Նա չէ՞ր, որ քեզ ուսում էր տալիս ու կրթում մեծամեծների աղջկերանց պես։ Մի օր մուզիկի վարժուհին էր գալիս, մյուս օրն երգ սովորեցնողը։ Ուրախանում էր երեխայի պես, երբ երգում էիր ու պիանո ածում։ Ա՜խ, Շուշանիկ, Շուշանիկ, երանի՞