Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել։

— Այն կա, սիրելիս, որ դու այստեղ ապրելով ուրիշների հաշվին, ավելի ատելի ես դարձնում իմ դրությունը։

— Ուրիշների հաշվի՞ն, — ծիծաղեց Ալեքսեյ Իվանովիչը— բարեկամ, այստեղ գալուց դես, այս տանը ես ճաշել եմ ընդամենը երկու անգամ, այն էլ սկեսրիդ հետ վիզավի նստած սքանչելի դեսերտ...

— Բայց քանի՞ անգամ ես Ալիմովներից փող վերցրել։

— Քո թանկագին կողակցից և ոչ մի անգամ։ — Իսկ Միխայիլ Մարկիչի՞ց։ — Միխայիլ Մարկիչն իմ, այսպես ասած, անձնական մտերիմ բարեկամն է։ Սիրում է ինձ եղբոր պես, ես էլ նրան, նա իսկական ջենտլմեն է, այսինքն՝ էր. վերջին ժամանակ մի քիշ փոխվել է։ Այդ Գրիշա անունով գարշելիի ապտակը, այսպես ասած, ուղիղ իմ ինտերեսներին դիպավ։ Էլ շատոլաֆիտը, մանախորը, շամպանիան հասարակ գինու տեղ չեմ գործածում։ Բայց ոչինչ, հույս ունիմ, որ, այսպես ասած, մոլորյալ ոչխարը դարձի կգա։ Ուրեմն չե՞ս հավանում ծրագիրս։ Լա՛վ, մտածի՛ր, հետո էլի կխոսենք։ Ցտեսություն, Արզաս Մարկիչն ինձ սպասում է...

Մի օր Անտոնինա Իվանովնան ամուսնու մասին լսեց եղբորից մի նորություն, որ թե՛ նրան զարմացրեց և թե՛ ցավ պատճառեց։

— Դու սուտ ես ասում,— գոչեց նա, զայրացած անգամ։

— Ո՛չ, զուտ ճշմարտություն եմ ասում։ Երեկ երեկոյան երկրորդ անգամ տեսա «Անգլիա» հյուրանոցում, այսպես ասած, յոթերորդ աստիճանում։ Աչքերը կարմրել էին ոչխարե պոլոճիկի պես, ոտները զանազան աշխարհագրական գծեր էին քաշում հատակի վրա, գլուխն ուսերի վրա չէր կանգնում, ապստամբվել էր մարմնի դեմ։

— Եթե ճիշտ ես ասում, խղճում եմ նրան։

— Եթե խղճում ես, կարող ես և սիրել։ Կանայք շատ անգամ առաջ խղճում են, հետո սիրում։ Հաշտվի՛ր, աա՞...

— Լսի՛ր։ Ալեքսեյ,— գոչեց քույրը, շրթունքները կրծոտելով,— եթե այս շաբաթ դու չես հեռանալ այս քաղաքից, գոնե բնակարանդ պիտի փոխես։