Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և զարգացած մտքի ձգտում։ Ո՛չ, այսքանը բավական չէ, պետք է գործի մեջ մտցնել ավելի զգացում, քան խելք, ավելի ցանկություն, քան կամքի ուժ։ Բացի դրանից, չպիտի միշտ մտածել, արդյոք, արածդ կարևո՞ր է, թե՞ ջուր ծեծելով ես զբաղված։

Անտոնինա Իվանովնայի գործունեության մեջ չկար կեղծիքի նշույլ անգամ, բայց հենց այս անկեղծությունն էլ, անձնվեր դառնալու փափագն էլ խելքի և ոչ զգացումների ծնունդ էին։ Նա չէր խորշում ամբոխի կեղտից ու մրից, ոչ էլ նրա անախորժ գռեհկությունից, բայց և չէր էլ կարողանում առանց քննության մերձենալ նրան։ Նա մտածում էր. մի՞թե այժմ արդեն այն հասակումն է, որ չի կարող այնպես շուտ ընտելանալ մի նոր շրջանի կամ գործի, որպես Շուշանիկը։ Նա տեսնում էր, երբ օրիորդն է երևում, մշակների դեմքերը փայլում են ուրախ ժպիտով, երբ ինքն է երևում, միայն խորին հարգանքի և պատկառանքի է արժանանում։ Եվ երբ այս տարբերությունը, հակառակ յուր կամքի, վերագրում էր Շուշանիկի և յուր հասակների մեջ եղած տարբերությանը, զգում էր նախանձ։ Մի զգացում, որին դեմ էր ամբողջ հոգով և որի համար դատապարտում էր իրեն, որպես խելոք ու ազնիվ կին։

Բայց ինչ ևս լիներ, Անտոնինա Իվանովնան հոգով անհամեմատ հանգիստ էր քան քաղաքում։ Նրան այլևս չէին հալածում սկեսրի անվերջ տրտունջները, տալոջ կոպիտ ակնարկները, ազգականուհիների արհամարհական ժպիտները։ Սակայն միթե ա՞յս էր միայն նրա դժբախտության հիմքը։ Չէ՞ որ նա մի քանի ամիս առաջ ավելի հեռու էր նոր շրջանից։ Բախտավո՞ր էր այն ժամանակ... Երբե՛ք։ Նա դժբախտ է իբրև կին— այս է գլխավորը։ Եվ ահա գարնան մերձավորությունը նրա մեջ զարթեցնում է ինչ-որ փոթորիկ։ Արյունը երակներում եռում է երբեմն այնպես, որպես քսան տարեկան հասակում։ Տեր աստված, չէ՞ որ նա կին է և տակավին երիտասարդ կին։ Պատահում է, որ նրան տիրում է հոգեկան թուլություն, աշխարհը թվում է նրան այնքան ամայի, այնքան անհյուրընկալ, որ մտածում է. «արժե՞ արդյոք, էլի ապրել»։ Մայրական զգացումները չեն լցնում այդ ամայությունը,