էին մթին երկնքից, թվում էր, որ դա քաղցած գիշակերների մի արշավանք էր։ Այդպես էր ընդունված, երբ մի հանքից գալիս է հրդեհի ազդ, մյուս հանքերը պիտի հետևեն նրան՝ հանքային բնակչությանն զգուշացնելու համար։
Հրդեհն արդեն բավական ընդարձակվել էր։ Այրվում էր ամենաարդյունաբեր հորերից մեկի բուրգը։ Կրակը վիթխարի աշտարակի վրայի մասից սրընթաց բարձրանալով շտապում էր ընդգրկել ամբողջությունը։ Երկնքի հորիզոնի վրա ձգվել էր մթին ծխի մի լայն ժապավեն, որ քամու ուղղությամբ տարածվում էր հեռու ու հեռու։
Մշակները շրջապատել էին հսկա խարույկը և կազմել կենդանի օղակ զարհուրած դեմքերի, ապշած աչքերի։ Աշխատում էր միայն մի խումբ, որ ճիգն էր անում այրվող բուրգի տակից դուրս քաշել մեքենան, միակ բանը, որ հնարավոր էր ազատել կրակի լափից։
Միքայելի առաջին միտքն էր գտնել եղբոր զավակներին ու կնոջը։ Կար մի ուրիշ ավելի զորավոր միտք, բայց նա վայրկենաբար վճռեց, որ պարտավոր է ամենից առաջ արյան մերձավորներին օգնության հասնել, իսկ հետո... Առանց տատանվելու նա վազեց այն պատշգամբը, ուր այնքան հառաչանքներ էր արձակել կրծքից, նայելով դիմացի լուսամուտներին։ Կրակը դեռ չէր մերձեցել բնակարանին, բայց նրա հրեղեն լեզուներն արդեն ձգտում էին դեպի այն կողմ։ Մշակներն աշխատում էին բուրգի և բնակարանի միջև զարնվող նավթային լճակն ապահովել կրակից, եթե նա վառվեր, բոլոր շինությունները կորած էին։
— Տղե՛րք, հետևեցեք ինձ,— բոռաց Միքայելը, ճեղքելով մշակների շարքը և վազելով առաջ։
Շրջանից բաժանվեցին երեք հոգի — Չուպրովը, Ռասուլը և Կարապետը, որ տակավին չգիտեին, թե վտանգը որ կողմումն է վտանգավոր մարդկային կյանքի համար, որ նրանց համար առաջին տեղն էր բռնում։ Ամենից առաջ երևաց Չուպրովը, հրելով ընկերներին աջ ու ձախ իր հուժկու բազուկներով։ Ամբոխը, տեսնելով հսկային սանդուղքի վրա, ոգևորվեց։ Խիզախ աշխատավորի կերպարանքի, քայլվածքի ու կեցվածքի մեջ կար մի տեսակ ասպետական գեղեցկություն,