Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և, ահա գոյացել է վիթխարի ջահերի մի ամբողջ անտառ։ Երկաթե նավթամբարները մեկը մյուսի հետևից պայթելով աջ ու ձախ տարածել են բոցերի ծով և իրանք ընկել են կողերի վրա։ Գոյացել է հրեղեն մի գետ, որի առաջն առնելու համար չկա մարդկային ոչ մի հնարավորություն։ Բացի մեկից — թողնել նրան իր քմահաճույքին և անշարժ դիրքը, նրա ամենակործան ընթացքը։ Նա դիմում է մի մեծ ճահիճ, որ գոյացել է հորդառատ անձրևներից և հորերից դուրս բերված ջրերից։ Այստեղ կատաղի կռիվ են մղում երկու թշնամի տարրերը։ Ճահիճը կլանում է բոցերի ալիքները և ինքն էլ արագ-արագ շոգիանում, եռալով և արձակելով ճարճատյուններ, նման մարդկային հուսահատական ճչերին։

Գիշերն անցավ, աշնանային արեգակը սփռեց երկրի վրա իր առաջին շողերը, հետզհետե աղոտացնելով հրդեհի լույսը։ Ամբոխը՝ ցեխոտված, մրոտված ու նավթոտված բանակը տաժանակիր աշխատանքի՝ տակավին շարունակում էր գոռգոռալ, վազվզել, քանդել, խորտակել, այս ու այնտեղ տանել ջարդոտված մեքենաները, ջրմուղները ու հազար ու մի տեսակ գործիքներ։ Օդի մեջ պսպղում են հազարավոր թիեր, բահեր, լինգեր, ձողեր, և ինչ. հուրն արհամարհում է ամեն ինչ և իր ավերիչ դեբոշը շարունակում ավելի ու ավելի կատաղությամբ։ Ջրմուղները գործում են ծուլորեն, կարծես զգալով իրենց անզորությունը։ Այլևս մշակները չեն հոգում, թե որ կողմն են մղում ջուրը, այնքան հոգնել էին։ Արեգակը ջրեղեն կամարներին տալիս էր ծիածանի երանգներ և դա ավելի մի տեսակ դեկոր է հրդեհի համար, քան նրան ոչնչացնող զորություն։ Թուրքերն աղաղակում են. «Ալլահ», «ալլահ» և ոչինչ չեն անում։ Լեզգիներն արձակում են ինչ-որ կոկորդային հնչյուններ նման ճայերի կանչերին։ Ռուսների դեմքերն արտահայտում են մռայլ լրջություն մեջտեղ դրված հինգ խանձված դիակների տպավորության ներքո։ Հայերը միմյանց վրա գոռում են, միմյանց հրամայում և ոչ մեկը մյուսին չի լսում։ Քաղաքից եկել են մի խումբ անգլիացիներ և շվեդացիներ,— սիգարներն ու ծխամորճները բերաններին ու ձեռները վարտիքների գրպանները դրած, անտարբեր դիտում են իրենց երկրներում չտեսնված տեսարանը։