Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցանկանում էր գնալ, բայց հիշեց սկեսրի ու տալոջ ատելությունը դեպի ինքը և տատանվեց։

— Դեռ ո՛չ,— պատասխանեց նա։

— Բայց գիտցեք, որ այլևս երեխաներին այստեղ չեմ վերադարձնելու։ Այսուհետև մայրս նրանցից չի բաժանվելու։

— Լավ,— արտասանեց տիկինը, դառնորեն ժպտալով,— թող չբաժանվի։

Նա երեսը դարձրեց ամուսնուց՝ արցունքը թաքցնելու համար։ Բայց Սմբատը նկատեց ու հասկացավ նրա վիշտը։

— Գիտե՞ք ինչ,— ասաց նա, ճակատը շփելով,— մենք սիրում ենք մեր երեխաներին հավասար սիրով... մոռանանք մեր ինքնասիրությունը հանուն այդ սիրո... Ուրիշ ելք չունենք, բացի հետևելուց այդ ռամիկ աշխատավորների զմայլելի օրինակին...

— Այո՛, այդ ճիշտ է, բայց ոչ այդքան շուտ, ոչ այդքան շուտ... Տվեք ինձ ժամանակ խորհելու և զգալու...

— Շատ բարի, խորհեցեք... մենք հաշտվել չենք կարող, բայց հարգել իրարու, մոռանալ մեր եսը պարտավոր ենք հանուն մեր զավակների։

Ասաց Սմբատը և շտապով հեռացավ։

«Հարգե՛լ, մտածեց Անտոնինա Իվանովնան, այո՛, կարող ենք, բայց այդքանը բավական չէ ընտանեկան կյանքի ամրության համար»։

IX

Սարդիս Զարգարյանը, կրակից ազատվելով, մահից չփրկվեց։ Նրա նեխված մարմինը և քայքայված հոգին ավարտում էին վերջին հաշիվներն աշխարհի հետ։ Ժամ առ ժամ սպասում էին նրա մեռնելուն։ Նա արդեն զրկվել էր բոլորովին խոսելու ընդունակությունից, և ապուշ աչքերը լուռ հառում էր սրա ու նրա երեսին։

Այժմ Շուշանիկը չէր հեռանում նրա մահճակալից։ Թանկ գնով ձեռք բերված կյանքի ապարդյուն մնացորդը նրա աչքում ստացել էր ավելի արժեք։ Այդ մնացորդը նա համարում