Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկայն թավիշե խալաթը հագին, գիշերային սև թասակը գլխին, ձեռին բռնած մի ճրագ, իջնում է վար, բաց է անում երկաթե դռները ժանգոտ բանալիով, համրում է տոպրակները և ավելացնում նոր ոսկիներ: Հավատացնում էին, թե այնտեղ մի պողպատե պահարանի մեջ փայփայելով պահում է այն տրեխները, որոնցով գաղթել էր իր ծննդավայրից տասնուհինգ տարեկան հասակում։ Ասում էին նաև այն, որ զատիկ ու ջրօրհնեք տոների նախընթաց գիշերը, մի զույգ մոմ վառելով, աղոթում է պահարանի վրա չոքած և օրհնում է նվիրական տրեխները։

Նրա հոյակապ տները, որ հպարտ ճակատներով կանգնած էին քաղաքի կենտրոնական փողոցներում, մի-մի փուշ էին դարձել քաղաքացիների աչքում, նրա բազմաթիվ հողերից բխող նավթը խեղդում էր և գործարանի ծուխը կուրացնում նրանց աչքերը։ Բայց մարդիկ գիտեին ինչպես զովացնել իրենց նախանձավառ սրտերը։ Չէ որ Մարկոս Ալիմյանը եղել է ջրկիր, հետո դռնապան, հետո խոհարար, հետո մրգավաճառ, այնուհետև գինեվաճառ և այլն, և այլն... Եվ ոչ մի գործ նա չի վարել ազնվաբար։ Գնալով Ռուսիա, նա այնտեղից բերել է կեղծ դրամներ և տգետների վրա սազացրել։ Նա խաբել է, գողացել է, գռփել ու կողոպտել է խեղճերին, նա նույնիսկ թունավորել է իր մի ընկերոջը։ Նա ժլատ է, նրա ձեռները դողում են գրպանից դրամ դուրս բերելիս, ապրել չգիտե, դրամն է նրա հավատը, հոգին, աստվածը։ Նրա ընդարձակ տունը, ուր ոչ մի օթյակ ծածկված չէ պաստառով, մռայլ բանտ է իր կնոջ ու զավակների համար։ Այնտեղ կահ-կարասի չկա, ծառա չկա, խոհարար չկա։ Նա իրեն տան համար պաշարեղեն ինքն է տուն բերում իր ձեռքով առավոտները կանուխ, որ ոչ ոք չտեսնե։ Նա գրպանում ունի երկաթաթելից շինած մի օղակ և միայն այն ձուն է գնում, որ այդ օղակով չի անցնում և շատ անգամ պտտում է ամբողջ շուկան այդ չափի ձվեր գտնելու համար։

Շատ շատերը գիտեին, որ այդ բոլորը մտացածին է, որ Ալիմյանի տանը ծառաներ էլ կան, խոհարար էլ, կահ-կարասի էլ, նույնիսկ փարթամ կահ-կարասի։ Գիտեին, որ եթե Մարկոս աղան մի օղակ ունի, այդ այն է, որով անխնա