Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՛, շատ ճարպիկ ձեռք է ունեցել այս թուղթը հորինողը։

— Դու չե՞ս հավատում կտակի իսկությանը։

— Իհարկե, չեմ հավատում, բայց...

Նա կանգ առավ, խորհեց, ճակատը տրորելով։ Նա՝ և՛ չէր հավատում, և՛ չէր կարող չհավատալ։ Մի՞թե ճիշտ է։ Նայեց թղթի սկզբում գրված թվականին, շփոթվեց. նա գրված էր իր քովը եղած կտակից մի քանի ամիս հետո, երկուսի տակ ևս նույն ձեռով գրված ստորագրությունը։ Ուրեմն ջարդ ու փշուր են լինում նրա բոլոր ծրագիրները։ Ուրեմն նա դարձյալ չքավոր է, դարձյալ գերդաստանից աքսորված, անիծվա՞ծ։ Ի՞նչ է նշանակում այդ, կատա՞կ է արել հանգուցյալը մահվան անկողնում, մահամերձի դիվային կատա՞կ, թե՞ հոգեկան հիվանդ է եղել ծերունին և մի թղթի փոխարեն տվել է մյուսը։

Նա նայեց Միքայելի երեսին խորը, զննող հայացքով, և մի միտք հանկարծակի լուսավորեց նրա րոպեաբար մթագնած ուղեղը․ ճակատի կնճիռները պարզվեցին, և նրա դեմքով անցավ մի դառը ժպիտ։

— Ո՞վ է հորինել այս թուղթը,— գոչեց նա, ձեռը զարկելով կեղծ կտակին։

— Ինքը՝ հանգուցյալը, պարզ չէ՞ միթե։

— Վերցրու հետ, հե՛տ վերցրու և պատռիր ու դեն ձգիր։

Դու մի խայտառակ բանսարկության զոհ ես... վերցրո՛ւ․․․

— Հա՜ հա՜ հա՜,— ծիծաղեց բարձրաձայն Միքայելը, և նրա ծիծաղը հնչեց բռնազբոսիկ ու կեղծ։

Սմբատը մի անգամ ևս ստուգեց հոր ստորագրությունը՝ իր սեղանի մեջ գտնված մյուս ստորագրությունների հետ և նորեն շփոթվեց։ Մտածեց, որ եթե նույնիսկ այդ թուղթը մի կեղծված է, կարող է նրան ահագին անախորժություններ պատճառել։

— Դու ուզում ես, որ այս թղթի հիման վրա օրենքով հաստատված իրավունքներս քե՞զ հանձնեմ,- հարցրեց նա, ոտքի ելնելով։

— Ստիպված ես այդպես անել։

— Իսկ եթե չանե՞մ։