թո՛ղ գնա իր գաղափարները պաշտելու և քաղցած փորով բարոյական սկզբունքներ քարոզե և իր զավակներին կերակրե բարձրագույն թեորիաներով:
— Սմբա՛տ,— լսեց նա մի ծանոթ ձայն և հետ նայեց։
Գրիգոր Հաբեթյանն էր, որ հևալով, տնքալով ու քրտնած, մոտենում էր։
— Ո՜ւֆ, տրաքեցի հետևիցդ վազելով։ Այդ անիրավ բժիշկները հոգիս հանեցին, բայց օգնել չկարողացան... Լսի՛ր, ես պատգամավոր եմ ուղարկված քեզ մոտ... Քյազիմ-բեգ Ադիլբեգովը խնդրում է այսօր երեկոյան շնորհ բերել իր տունը, ուր պիտի տեղի ունենա գալա-քեֆ. նա ուզում է քեզ սգից դուրս բերել և հատկապես քեզ հետ բարեկամանալ։ Հանուն բոլոր միջազգային դարդիմանդների, մի մերժիր, խոսք եմ տվել տանելու քեզ, պիտի տանեմ։
— Ովքե՞ր են լինելու։
— Ասացի էլի, միջազգային դարդիմանդներ։
— Միքայե՞լն էլ։
— Առանց սումաղի լուլաքաբաբ կլինի՞։ Միքայելը մեր ընկերական շրջանի համն ու հոտն է։
Սմբատը կփափագեր մերժել, բայց հետաքրքրությունը գերազանցեց։ Արժե գեթ մի անգամ լինել Միքայելի ընկերական շրջանում և տեսնել` ինչպես է նա վատնում իր կյանքը։
— Լավ, կգամ,— վճռեց նա։
— Այդպես չի կարելի, կարող ես խոստումդ մոռանալ կամ փախչել։ Երեկոյան ութ ժամին կգամ նախ քեզ կլուբ տանելու։ Սպասի՛ր ինձ տանը, բայց ոչ, գրասենյակում։ Ես այդ սանդուղքով բարձրանալու ախորժակ չունեմ...
VI
Հասարակական ժողովարանի սպասավորները Սմբատին տեսնելով, միմյանց առաջեցին՝ նրա վերարկուն ու գլխարկն ընդունելու։
Ընդարձակ քարե սանդուղքով վեր բարձրանալով Գրիշայի