Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեղանն սպասում էր նրանց։ Միքայելը նստեց պրիմադոննայի աջ կողմում։ Ամիս ու կես էր կանանց հետ սեղան չէր նստել — կարոտել էր. Գրիշան նստեց երգչուհու ձախ կողմը։ Քյազիմ-բեգն ու վրացի իշխանը նստեցին դեմուդեմ։ Սմբատը նստեց տանտիրոջ և Պապաշայի միջև։

Գրիշան ընտրվեց սեղանապետ։ Սկզբում բոլորն աշխատում էին իրենց լուրջ պահել պրիմադոննայի ներկայությամբ, մանավանդ, որ անախորժ ընդհարման տպավորությունը դեռ չէր անցել։ Սեղանապետն առաջարկեց գեղարվեստի «փայլուն աստղի» կենացը, որ և ընդունվեց հոտնկայս և բուռն ծափահարությամբ։ Սազանդարները «տուշ» նվագեցին։

Silence— գոչեց հոգնած դեմքով մի երիտասարդ իրավաբան, որ հաշտարար դատավորի պաշտոնակատար էր։

Բոլորը լռեցին։ Նա արտասանեց գեղեցիկի և գեղարվեստի մասին մի ճառ։ Սկսելով հին հույներից, անցնելով հռովմեացիներին, հետո մեր ժամանակներին, նա դատարկեց իր գիտության ամբողջ տոպրակը և գոչեց.

Ergօ, մենք իբրև գեղարվեստի ջերմ երկրպագուներ, խոնարհվենք նրա թագուհու առջև․․․

Քյազիմ-բեգն ասաց.

— Աֆարի՛մ...

Վրացի իշխանը գոչեց.

— Վաշա՜...

Գրիշան իր հետ եկած երգչին առաջարկեց երգել մի ռոմանս։ Ոտքի կանգնեց բեղերը սափրած մի մաշված ու քայքայված մարդ օպերայի երկրորդ տենորը և, ներողություն խնդրելով, հրաժարվեց երգելուց։ Ուզում էր, որ բոլոր ներկա եղողները միաձայն խնդրեին։ Եվ խնդրեցին. բայց երգիչն զգում էր, որ իր ձայնը վաղուց է քայքայվել։

— Ջիոկոնդա՜,— դարձավ նա պրիմադոննային, — ռոմանսը քեզ համար շաբլոն բան է։ Թույլ տուր ինձ երգել ու ներկայացնել «Խելագարը»։

— Բռավո՜, բռավո՜, հրաշալի քեռի,— ասաց պրիմադոննան։— Պարոններ, խնդրեմ ուշադրությամբ լսել, Վիստուխինի «Խելագարը» բացառիկ է։ Պատիվ ունեմ ծանոթացնել,