Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լռե՜լ,— գոռաց սպան։

Նորեն տրաքեցին շամպանիայի շշերը, նորեն սազանդարները նվագեցին, և քեֆը փոխվեց մի օրգիայի, որ Սմբատը երազել անգամ չէր կարող։

Պապաշան ռեդինկոտը հանեց, շպրտեց սազանդարների գլխին և սկսեց «զարաբազի» պարել։ Նրա օրինակին հետևեցին Մոսիկոն և Մելքոնը։ Իշխան Նիասամիձեն պահանջեց «լեկուրի» և չերքեզկի փեշերը հետ ծալելով, մեջ ընկավ իր լայնածավալ միրուքով։ Տիրեց անասելի աղմուկ, իրարանցում, ուր ոչինչ չէր կարելի հասկանալ, յուրաքանչյուրն իր ձայնն էր միայն լսում։

Քյազիմ-բեգը կատաղությունից բեղերն էր կրծոտում։ Այդ «շան աղջիկը» սուտ ասաց, ոչ մի տեղը չէր ցավում, դա մի փորձ էր ամենքից ազատվելու և ոչ ոքի չպատկանելու այս գիշեր։ Վաղը պետք է նրանից բացատրություն պահանջել։ Եթե հաստատվի, որ երգչուհին կեղծ է հիվանդացել, պիտի պատժել։ Իսկ պատժելու ձևը, օօ՜օ, Քյազիմ-բեգը գիտե շատ լավ։ Նա բենեֆիսի առաջին կարգի բոլոր տոմսակները կգնե, կբաժանի թոկից փախած սրիկաներին։ Հենց որ երգչուհին կերևա բեմի վրա, սրիկաները կսկսեն շվացնել, ոռնալ և ձգել նրա վրա փտած վարունգներ, խնձորներ, տանձեր, փորթուգալի կճեպներ, հոտած ձկնիկներ, սատկած մկներ և այլն և այլն։ Թող այն ժամանակ զգա, որ կովկասցիների հետ կատակ անելը շատ էլ դյուրին բան չէ։ Իսկ առայժմ պետք է հյուրերին մի առանձին զվարճություն տալ...

Նախ նա ստիպեց խորային երգչուհուն վազել Պապաշայի հետևից, թռչել ու նստել նրա ուսերի վրա։ Կատակն հաջողվեց, բոլորը ծիծաղից փորները բռնեցին։ Հետո նա սպասավորներին հրամայեց.

— Ադա՛, բերեք այստեղ մի լողարան։

— Օօ՜օ, օօ՜օ,— բացականչեցին ամենքը միաձայն, գուշակելով բանի էությունը։

Պրիմադոննայի հեռանալը բոլորին սթափեցրել էր և այժմ, որ գրեթե լուսաբաց էր, յուրաքանչյուրն զգում էր իր արածը։ Միայն Սմբատն էր մթության մեջ, ոչ ըմպելիքների