— Հարա՛մ լինի քո գլխին հաջիությունդ, աննամուս,— գոչեց նա կատաղած։
— Ձայնդ կախի՛ր, քյաֆր... քեռ...
Վերջին բառը չավարտած, Հաջի-Ալեաքպարը մի քայլ ևս ետ դրեց և չուխայի տակից արագությամբ մի ինչ-որ սև բան հանեց։ Ասադը մթան մեջ նշմարեց նրա չարագուշակ շարժումը։ Նա հարձակվեց Հաջիի վրա, բռնեց նրա թևերից և այնպես սաստիկ հրեց, որ նա, տասը քայլ հեռու մղվելով, թավալվեց գետնին։ Մինչ նրա ուշքի գալը, մինչ «օգնեցե՛ք, օգնեցե՛ք» գոռալով բարձրանալը, Ասադը վերցրեց գետնից ատրճանակը, ձգեց դիմացի տան կտուրը և, քայլերն ուղղելով դեպի վերև, անհայտացավ խավարի մեջ։
III
Դարձյալ երեկո էր, դարձյալ մոլեգինները ազան էին տալիս և քրիստոնյաների զանգերը հրավիրում էին աստծո տունը հավատացյալներին։ Քաղաքի արևմտյան կողմից փչում էր մի հով զեփյուռ։ Եվ որքան դուր եկան լիներ այդ զեփյուռը, կարծես, նա գաբրիստաններից[1], մեռելների այդ մռայլ աշխարհից, հիշեցնում էր մահու սոսկալի ձայնը.
«Մի՛ հպարտանար, ո՛վ ինսան[2], վասն զի քո վերջին ապաստարանը այստեղ է»։
Իսկ ինսանը հպարտանում էր, իմամլուցիները — նամանավանդ։
Հաջի-Ալեաքպարի բարձրաշեն տան առջև խմբվել էին թվով մոտ տասը պարագլուխ — երիտասարդներ։ Մեջտեղ կանգնած էր ինքը Հաջին, ուսերին ձգած դեղնագույն մետաքսյա աբան և ձեռին բռնած մի երկայն կարմրակեղև չիբուխ։ Երիտասարդները, ձեռները գոտիների վրա դրած, խորին պատկառանքով լսում էին Հաջիի հետևյալ տրամաբանությունը.
— Ամեն մի մարդ յուր թաղի պատվի նախանձախնդիրը պիտի լինի։ Մենք, իմամլուցիներս, մեր պապերի պապերից