Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Երեկոյան բարիքից առավոտյան չարիքը լավ է», ասում է մեր պապերի խոսքը։

Գիշերը խաղաղ էր, մուգ-կապտագույն երկնքում պայծառ փայլում էին աստղերը, հեռվից ժամանակ-ժամանակ լսվում էին քաղաքային գիշերապահների աղաղակները։ Նրանց ձայնակցում էին Սարի-Թորփաղի շները, դունչները դեպի երկինք բարձրացրած, աստղերի վրա պոռալով: Ծերունի այգեպանը, սնահավատությունից դրդված, վճռեց արթուն մնալ և ամբողջ գիշեր դրսից խրճիթը պահպանել. շների պոռալը վատ բան էր գուշակում։

Ֆաթման, շորերը հագին, Ասադի չուխայի մեջ փաթաթված, քնած էր խրճիթի մի անկյունում։

Մյուս անկյունում, այգեպանի անկողնում պառկած էր Ասադը: Մի ձեռը հենած հրացանի վրա, մյուս ձեռը գլխատակին գրած, նա ոչ քնած էր, ոչ արթուն, այլ մի տեսակ թմրած դրության մեջ էր: Նրա վերքը դարձյալ ցավում էր և ցավում էր ավելի սաստիկ: Բայց նա աշխատում էր ոչ հառաչել և ոչ տնքալ Ֆաթմային չզարթեցնելու համար: Նրա գլխում պտտվում էին ցերեկվա անցքերը։ Մերթ նա երևակայում էր իրան կռվի ասպարեզում, աջ ու ձախ շրջապատված թշնամիներից. անձրևի նման տեղացող քարերի տակ, մերթ բաղնիսի կտրում, Ֆաթմային՝ հափշտակելիս և մերթ ձիու վրա, յուր կողոպուտը գրկած, ապշած ամբոխի միջով արշավելիս։

Հետո նա սկսեց խորհել ներկայի և ապագայի մասին։ Ի՞նչ պիտի անե նա վաղը, այգեպանի խրճիթում երկար թաքնվել անկարելի է, անշուշտ իմամլուցիները հանգիստ չեն մնալու, անշուշտ նրանք ամեն ջանք գործ կդնեն Ֆաթմային գտնելու, որ Ասադի արյունի գնով իրենց թաղի պատիվը վերականգնեն։

Նա մտքում վճռեց լուսաբացին վերցնել Ֆաթմային, գնալ մոտակա թուրք գյուղերից մինը, այնտեղ մի մոլլա գտնել և քեաբին անել (պսակվել)։

Շուտով նրա ամբողջ մարմինը սկսեց դողալ։ Նրա ատամներն ակամա զարնվում էին միմյանց, նա ցուրտ էր զգում։ Ցուրտն անցավ, և նրա մարմնին տիրեց թմրեցուցիչ տաքություն։ Նրա միտքը պղտորվեց. նա քնեց կամ, ուղիղն ասած,