Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսանողները հավաքված խորհրդակցում էին մի ինչ-որ «կովկասյան քեֆի» մասին։ Ես չէի հետաքրքրվում, բայց լսում էի նրանց խոսածները։ Սկսեցին անունները գրել։ Մեկը ծաղրաբար հիշեց Սանթուրյանի անունը։ Դա նորանոր բամբասանքների և սրախոսությունների առիթ տվեց մի խումբ ուսանողների։ Արդեն ես սկսել էի արհամարհել նրանց կարծիքները, և դա ավելի էր կատաղեցնում նրանց, թեև իմ ապտակը դեռ չէին մոռացել։

— Տեսե՜ք ,— ասաց մի սրախոս,— մենք միայն մի դիպլոմով կվերադանանք հայրենիք, իսկ նա երկուսը կտանի։

— Ինչո՞ւ ոչ երեքը,— նկատեց մի ուրիշը։

— Երրորդը կեղծ է,— պատասխանեց սրախոսը։

Դարձյալ արյունը խփեց գլխիս, դարձյալ կամենում էի պատմել այդ չարախոսներից մեկին։ Բայց այդ րոպեին մեկը հանկարծ բռնեց իմ թևից և հետ քաշեց ինձ։ Նայեցի և տեսնեմ ինքը Սանթուրյանն է։ Նա հեռվից հասկացել էր բանի էությունը։ Ուսանողները նրան տեսնելով, հետ քաշվեցին, որ ցրվեն։

— Սպասեցե՛ք, պարոններ,— գոչեց նա։

Բոլորը կանգ առան իրանց տեղերում։

— Պարոններ,— խոսեց իմ բարեկամը վրդովված ձայնով,— գիտեմ, վեճը ինձ էր վերաբերում և իմ ընկերը ուզում էր ինձ պաշտպանել։ Դուք շատ արի եք իմ վերաբերմամբ։ Խնդիրը ձեր քեֆին մասնակցելու մասին չէ։ Իհարկե, ոչ դուք կհրավիրեք, ոչ ես կկամենամ իմ ներկայությամբ ապականել ձեր վերջին ուսանողական ժողովը։ Բայց լսեցե՛ք միայն մի խոսք։ Դուք դատապարտում եք իմ վերջին քայլը, դուք համարում եք նրան անբարոյական։ Իսկ ե՛ս... ես համարում եմ ավելի, քան բարոյական։ Դուք ասում եք, թե ես ամուսնացել եմ մի թշվառ էակի հետ։ Եթե խնդիրը միայն ինձ վերաբերեր, իհարկե, կլռեի, ինչպես միշտ լռել եմ ձեր բոլոր, ներեցեք, զրպարտությունների դեմ․․․ Բայց այժմ... դուք անխնա արատավորում եք մի անուն, որ ինձ համար թանկ է, քան ես և իմ անունը։ Դուք անարդար եք վարվում։ Ես չեմ վիճիլ ձեզ հետ այդ մասին։ Բայց ընդունենք մի րոպե որ, ձեր ասածը ճիշտ է. որ ես, իրավ, մի թշվառ էակի հետ եմ կապել իմ կյանքը։ Նախ՝ դա ինձ և միայն ինձ է վերաբերում, երկրորդ՝