Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շտապեց դուրս։ Հիվանդը ոչինչ չլսեց։ Նա շարունակ նայում էր վառարանին։ Այնտեղ սկզբում բարձրացավ թանձր ծուխ, ապա տետրը բոցավառվեց։

Ներս մտավ Ադելաիդան և ինձ գաղտնի ցույց տվեց մի հեռագիր։ Ես կարդացի։ Պալատը Սանթուրյանի հորը արդարացրել էր...

Մի քանի վայրկյան Ադելաիդան և ես շփոթված էինք — հայտնե՞լ հիվանդին, թե՞ ոչ։ Չափազանց ուրախ լուրը կարող էր նրա վրա սպանիչ ազդեցություն գործել։ Բայց միթե առանց այդ էլ նա չէ՞ր մեռնում։ Թող ուրեմն, հանգիստ մեռնի։ Այս էր մեր երկուսի լուռ միտքը։

Ես թեքվեցի դեպի հիվանդը, որ շարունակ նայում էր կրակին և շշնջացի․

— Մա՛րգար, կարո՞ղ եմ քեզ մի ուրախ լուր հաղորդել․․․

Նրա աչքերը լայն բացվեցին, ձեռը դուրս եկավ վերմակի տակից։ Ես հեռագիրը բռնեցի նրա աչքերի առջև և ասացի․

— Պալատը հորդ արդարացրել է...

Նա հասկացավ իմ ասածը։ Յուր թույլ ձեռներով վերցրեց հեռագիրը և սեղմեց կրծքին։

— Տեսա՞ր,— շշնջացին նրա շրթունքները։

Մոտեցավ Ադելաիդան։ Ես հեռացա։ Նա չոքեց մահճակալի առջև և գրկեց հիվանդին։ Եվ ես պիտի կրեի այդ սրտաշարժ տեսարանի ամբողջ ծանրությունը։

Վառարանի մեջ արդեն այրվել վերջացել էր «Կրակը»։ Մխում էր միայն տետրի կազմից մի բարակ կարմիր-դեղնագույն շերտ․․ Գիշերվա ուղիղ երկու ժամն էր, երբ այն էլ այրվեց, մոխիր դարձավ։

Ես փակեցի իմ բարեկամի աչքերը․․․ Նա մինչև վերջին շունչը հերոսաբար դիմացավ յուր տանջանքներին․․․


Միրաբյանը լռեց, մի ծանր հոգոց արձակելով կրծքից։ Մենք սպասում էինք, որ նա յուր վերջին խոսքը կնվիրե Զարիֆյանին։ Բայց նա ոչինչ չէր ասում, և ես առաջինը հարցրի․

— Իսկ Զարիֆյա՞նը, միթե անպատի՞ժ մնաց․․․

— Կան մարդիկ, որոնց ճակատագիրը հովանավորում է