երիտասարդական արյուն։ Այնուամենայնիվ նա ծեր է և միայն ինքն է զգում, թե որքան ծեր է... Նա հիսունչորս տարեկան է, և հենց այն միտքը, թե երեսուն տարով մեծ է կնոջից, կարող է թունավորել Մելանիայի կյանքը։
Մի անգամ միջօրեին, նախաճաշից հետո, երբ գինին փոքր-ինչ ներգործել էր Սամսոնի վրա, հանկարծ պատանեկական աշխույժով փաթաթվեց Մելանիայի պարանոցին և սկսեց անվերջ համբուրել նրան։ Մելանիան ճիգն արավ և կարողացավ դուրս սլկվել նրա գրկից։ Սամսոնը աչքերը հառեց նրա երեսին։ Ա՜խ, որքա՜ն գեղեցիկ էր երիտասարդ կինը այդ պահին, ինչպե՞ս սազում էր նրան գարնանային թեթև հագուստը յուր բաց մանիշակի գույնով ու սպիտակ մետաքսյա դանթելներով։ Նրա դեմքի գծերն ավելի էին նրբացել։ Կանացի հրապույրը բուրում էր նրա ամբողջ կերպարանքից, որպես մի քաշող մագնիսական, մի արբեցուցիչ ուժ։
Սամսոնը չկարողացավ իրեն զսպել, նորից հարձակվեց մի քանի քայլ հեռու կանգնած Մելանիայի վրա։ Այս անգամ կինը ձեռները հորիզոնաձև տարածեց առաջ՝ պաշտպանվելու համար։ Նրա լայն թևերը հետ քաշվեցին. բացվեցին նրա փափուկ բազուկները մինչև արմունկները, և թարմ կաշվի նրբիկ սպիտակությունը ավելի գրգռեց Սամսոնին։ Սակայն, այն ի՞նչ անսովոր ժպիտ էր, որ սահեց Մելանիայի շրթունքներով, և ինչո՞ւ նրա աչքերը փակվեցին... կիրք էր արդյոք այդ, սառնություն, մի՛գուցե ատելություն, մի՛գուցե․․․
Սամսոնը մի քայլ հետ կանգնեց և հանկարծ հարցրեց.
— Մելա՛նիա, դու ինձ սիրո՞ւմ ես։
Նրա ձայնը դողաց։ Հարցը նոր էր, անսպասելի։ Վեց տարվա ընթացքում Սամսոնը երբեք մի այդպիսի հարց չէր տվել Մելանիային և այժմ տալիս էր, և այն էլ այնպիսի տարօրինակ եղանակով ու հուզված ձայնով։ Մելանիան ցնցվեց ու գունատվեց։ Նա չիմացավ ինչ պատասխանի, նա միայն անորոշ ժպտաց և հայացքը դարձրեց դեպի բակը։
— Սիրո՞ւմ ես ինձ,— կրկնեց նույն դողդոջուն ձայնը։
Նույն լռությունը։
Սամսոնը մոտեցավ Մելանիային, երկու ձեռով բռնեց նրա ձեռները ու նայելով աչքերին, ասաց.