Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես այստեղ ճանաչում եմ մի քանիսին, որոնք իրենց երեխաներին հանձնում են ծառաների հսկողությանը, իսկ իրանք օրը մինչև երեկո վազվզում են դեսուդեն մի ինչ-որ ձանձրալի պարահանդես կամ ավելի ձանձրալի ներկայացում սարքելու համար։ Նրանք երևակայում են, թե իրենք կազմում են հասարակական կյանքի առանցքը։ Օ՜օ, անկարելի է նրանց հետ վիճաբանել: Խոսում են հեղինակավոր եղանակով, քննադատում են այնպիսի բաներ, որոնց մասին հավի հասկացողություն ունին։ Այդ կանայք երջանիկ են իրենց իլյուզիայով և դժբախտ` կյանքի տեսակետից նայողի աչքում։ Իմ կարծիքով, նրանք ավելի հաճելի կլինեին, եթե սովորեին ճաշակով հագնվել ու ճաշակով սանրել իրենց մազերը։ Գալով ձեզ, պետք է ասել, որ դուք, տիկի՛ն, գործել չեք ուզում, այլ ինչպե՛ս ասեմ... զգալ ու ապրել... Դուք աշխատում եք միայն գործով թմրեցնել ձեր սրտում նոր վառված շատ բնական ու շատ ներելի զգացումները։ Հասկանում եք, կարծեմ, էհ, չի կարելի չասել, որ մի քիչ էլ սնափառ եք, ինչպես առհասարակ բոլոր հարուստ կամ որևէ դիրք ունեցող կանայք։ Բայց ճշմարտությունն այս է, դուք գործել չեք ուզում, այլ ապրել, կրկնում եմ, ապրել։ Ինչո՞ւ — նրա համար, որ դուք այժմ, ներկա հանգամանքներում... չեք ապրում...

Հանդո՜ւգն մարդ։ Իր դիտողական ձիրքով, իր արծվային հայացքով նա թափանցում էր երիտասարդ կնոջ սրտի խորքը և քրքրում զգուշությամբ թաքցրած զգացումները։

— Դուք սխալվում եք, ես ապրում եմ և շատ լավ եմ ապրում,— ասաց Մելանիան այնպես արագ, որ կարծես վախենում էր` միգուցե ուրիշ բան ասի։

Մի թեթև հեգնական ժպիտ սահեց Փիրուզյանի դեմքով։

Տիրեց վայրկենական լռություն, որովհետև նա պատրաստվում էր ավելի համարձակ քայլ անելու։

— Ասացե՛ք, խնդրեմ, քանի՞ տարեկան էիք, երբ ձեզ ամուսնացրին,— հարցրեց նա անփույթ եղանակով, սակայն որոշ շեշտելով «ձեզ ամուսնացրին» բառերը։

Հարցը, հարկավ, համարձակ էր, բայց չէ՞ որ Փիրուզյանը ազգական է, ունի իրավունք թույլ տալու իրան որոշ ազատություն։