Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գուրգենը քնած չէր։ Նա լսեց Լիդիայի ճիչը. խավարի մեջ տեսավ բոլորը, ինչ որ նա արավ և չհամարձակվեց ձայն բարձրացնել։

Լիդիան թույլ չէր տալիս Զինային երեխային համբուրելու, առարկելով, թե մեծերի համբույրն առհասարակ վտանգավոր է փոքրերի համար։ Իրոք հոգու խորքում երկյուղ ուներ միգուցե սպասուհին համբուրելով յուր զավակին, հետզհետե ձուլվի նրա հետ հոգով ու մտքով և այն ժամանակ ինչպե՞ս կռվել հարազատ մոր զգացումների հետ։ Զինան չէր վշտանում յուր մայրական շրթունքների վրա դրված արգելքից։ Ընդհակառակը, նա գոհ էր, նույնիսկ երջանիկ, որ տիրուհին փոխարինում է իրեն իբրև մայր։

Մերթ ընդ մերթ Լիդիան ուշադիր դիտում էր երեխայի դեմքը, բռնելով նրան յուր սենյակի լուսամուտի առջև։ Նրան հետաքրքրում էր. արդյոք, գեղեցի՞կ է նա, թե ոչ։ Եվ թվում էր նրան, որ օրը օրի վրա նա գեղեցկանում է։

Իսկ երեխան մտիկ էր անում նրա երեսին միշտ ժպտուն դեմքով, միշտ ակնկալ հայացքով։ Երբեմն յուր թաթիկները բարձրացնում էր և խաղում նրա ոսկեգույն գանգուր մազերի հետ. մի բան, որ առանձին հաճույք էր պատճառում Լիդիային։ Թվում էր նրան, որ այլևս այդ փոքիիկ, փափլիկ, վարդագույն ձեռնիկների մեջ է ոչ միայն յուր բախտը, այլև կյանքը։

Մի անգամ, երբ համբուրում էր նրա ձեռիկները, Լիդիան նայեց նրա սևորակ աչքերին և ցնցվեց։ Կար մի ինչ-որ ծանոթ, նույնիսկ մտերիմ շեշտ մանկան այդ օրվա հայացքի մեջ։ Արդյոք, մի ժամանակ, տարիներ առաջ նույն ակնկալությամբ չե՞ն նայել նրա երեսին մի զույգ ճիշտ այդպիսի աչքեր, աղերսելով նրա սերը, ինչպես երկնային մանանա։

Այո, այո, ճիշտ է։ Օձից խայթվածի պես նա զգաց մի սուր ցավ և, սարսափած, երեխային դրեց, ո՛չ, ուղղակի ձգեց կողովի մեջ և հեռացավ նրանից։ Մանուկը չճչաց անգամ — այնքան հեզ էր նա, այնքան լռիկ։

Չար կասկածը, մի անգամ զարթնելով, արագ-արագ զարգացավ Լիդիայի մեջ։ Նա շուտով փոխվեց համոզմունքի։ Ողորմա՜ ծ աստված, որքա՜ն կույր է եղել նա, որքա՜ն միամիտ։ Եվ կայծակի արագությամբ նրա մտքով անցավ բոլորը: