Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնելով Զինային սև հագուստում։ Նախկին սպասուհին, որ մի ժամանակ նրա ոտների տակ սողում էր ու փեշերը համբուրում, այժմ նրա աչքում ամեհի գազան էր, որ եկել էր նրա սիրտը հոշոտելու։ Եվ ինչո՜ւ, ի՜նչ մեղքերի համար։ Որ նա սիրե՞լ է այդ կնոջ ամոթալի բերքը և ազատել նրան կորստից։ Չէ՞ որ այդ կինը յուր արգանդում իսկ նրան սպանելու հանցավոր մտադրությունն է ունեցել։ Ի՜նչ անարդարություն։ Խլել նրանից և տալ այդ կնո՜ջը։ Ոչ, ոչ, անկարելի է։ Դատավորները պետք է հասկանան և զգան, որ նա չէ մայր, որ ծնում է, այլ նա, որ սիրում է ու փայփայում։

Եվ որքա՜ն գարշելի է այդ բարձրահասակ փաստաբանը յուր այլանդակ կերպարանքով և գիշակեր թռչնի աչքերով։ Եվ որքա՜ն հանդուգն է նայում նա։ Ինչե՜ր պիտի ասե նա, արդյոք, ին՞չ գաղտնիքներ պիտի բաց անե Գուրգենի կյանքից և նորից քրքրե Լիդիայի վերքը։

Իսկ այդ փաստաբաններն իրենց անճոռնի ռեդինգոտներով ու ֆրակներով։ Բոլորն էլ երիտասարդներ են և ըստ երևույթին կնամոլներ։ Նրանք հաճախ նայում են Լիդիային և աշխատում նրա ուշադրությունը գրավել, զանազան դիրքեր և ձևեր ընդունելով։ Առանձնապես լպիրշ է այդ սափրած երեսով, բեղերով երիտասարդը, որի լերկ գլուխը յուր սուր գագաթով ու ցից ականջներով հիշեցնում է խոզի ճուտ, զատիկյան սեղանի համար պատրաստած։ Իսկ այն մյուսը յուր ուռած դեմքով, այն երկրորդը յուր երկայն մազերով, նեղ ճակատով։ Ահ, բոլորը ատելի են, բոլորը հակակրելի։ Եվ ինչո՞ւ են հավաքվել։ Ի՞նչ են սպասում։— Մի պիկանտ պատմություն, որ լսեն և գնան երեկոյան՝ պատմեն կլուբներում։ Դո՛ւրս, անհամեստներ, դո՛ւրս, ի՜նչ իրավունքով եք հետաքրքրվում ուրիշների ընտանեկան գաղտնիքներով։

Ա՜հ, ոչ, նրանք չեն գնալ։ Նստած են ինչպես թատերական հանդիսականներ և անհամբեր սպասում են վարագույրի բարձրանալուն։ Լավ, շատ լավ, թող բարձրանա, թող տեսարանները գան ու անցնեն միմյանց հետևից և անխնա հարվածեն Լիդիայի քայքայված ներվերը։ Թող ինչ ուզում են ասեն քննադատները, ինչ ուզում են վճռեն դատավորները։ Բոլորը կտանի Լիդիան, բոլորը և՛ ծաղր, և՛ արհամարհանք, և կարեկցություն