Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկատողությունը զգալի հարված էր Լազմանովի համար։ Նա այն երկչոտ փաստաբաններից էր, որոնք նախագահին և դատավորներին իրենց դեմ տրամադրելուց վախենում են, ինչպես կրակից։

— Սիրո՞ւմ էր ձեզ ձեր ամուսինը,— հարցրեց դատախազը։

— Մի՞թե այդ անհրաժեշտ է իմանալ,— հարցրեց Լիդիան։

— Անհրաժեշտ է։

— Այո, սիրում էր և այժմ էլ սիրում է։

— Բայց ինչո՞վ եք բացատրում նրա դավաճանությունը։ Որքան հայտնի է, սիրող ամուսինները հավատարիմ են միմյանց։

— Ինձ թվում է, պարոն նախագահ,— միջամտեց Սինոփյանը,— որ պարոն դատախազի հարցը գործին չի վերաբերում։ Ես կխնդրեի իմ պաշտպանյալի համեստության զգացմանը չդիպչել այն չափով, որ թույլ է տալիս գործի լուսաբանությունը։ Ներկա դեպքում պարոն դատախազին ավելի զբաղեցնում է ռոմանը, քան գործը։

— Արդարադատության իրավունքն է ամեն տեսակի հարցեր տալու,— ասաց դատախազը,— իսկ մեղադրյալի իրավրունքն է պատասխանել կամ չպատասխանել այդ հարցերին։

— Պարոն նախագահ,— խոսեց Լիդիան, մի վճռական շարժումն անելով,— ներեցեք ինձ, ես օրենքներին անտեղյակ եմ։ Այդ բոլոր հարցերին ես կարող եմ միայն մի պատասխան տալ։ Իմ ամուսինն ինձ դավաճանել է, այո, բայց զղջում է, և ես ներել եմ նրան ամբողջ հոգով։ Ի՞նչ եք կամենում, որ ատեի՞ նրան, արհամարհեի՞, զզվեի՞ և փախչեի՞ նրանից։ Ներեցեք համարձակությանս, եթե դրանով խնդիրը լուծվեր, այն ժամանակ, ոչ մի կին չպիտի մնար յուր մարդու հարկի տակ։ Ահա բոլորը, ինչ որ կարող եմ ասել․․․

Այս խոսքերն այնքան ներգործեցին Գուրգենի վրա, որ նա չկարողացավ զսպել հուզմունքը, արտասվեց։ Ահ, եթե իմանար, որ ծաղրելի չի դառնալ դատավորների աչքում, կչոքեր Լիդիայի առջև և, նրա ոտները համբուրելով, մի անգամ ևս թողություն կաղերսեր։