Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

VI

Արդեն երեք տարի էր, որ ես ծառայում էի աղա Գուլամյանցների մագազինում։ Գործերս վատ չէին գնում: Ես արդեն գրավել էի Մակար աղայի հավատարմությունն և օրեցօր ավելի ու ավելի բարձրանում էի նրա աչքում: Մանրավաճառ Թորոսի խոսքերի նշանակությունը փոքր առ փոքր սկսում էի հասկանալ, նրա տված խրատն ինձ օգնում էր: Այնտեղ, ուր հարկավոր էր խորամանկություն — ես խորամանկ էի, ուր հարկավոր էր միամտություն — ես միամիտ էի։ Ուր հարկավոր էր կեղծավորություն և շողոքորթություն — ես կեղծավորող և շողոքորթող էի, ինչպես պարսիկ, ուր հարկավոր էր ստախոսություն — ես սուտ էի ասում, ինչպես մի հմայող: Մի խոսքով, ես հնազանդվում էի ամեն մի դեպքում հանգամանքներին և իմ ամեն մի քայլն անում էի վերջինների համեմատ, միայն թե կարողանայի առաջանալ Մակար աղայի մոտ, միայն թե ձեռք բերեի նրա վստահությունը:

Հասել էին այն ուրախ օրերն, երբ Մակար աղան պիտի ամուսնանար: Մի քանի ամիս առաջ արդեն սկսել էինք պատրաստություններ տեսնել այդ նշանավոր օրվա համար: Այդ օրերն ես այնքան զբաղված էի, որ, ինչպես ասում են, քիթ սրբելու Ժամանակ չունեի: Իմ գործերը շատացել էին թե՛ տան և թե՛ մագազինում: Ամենքն ինձ էին հանձնարարություններ անում, և ես կատարելապես թևեր էի առել ու թռչում էի ամեն կողմ, ուր ուղարկում էին ինձ: «Խաչի, գնա բազար, այնինչ բանը գնիր»: — «Այս րոպեիս աղա», և Խաչին մի վայրկյանում անհետանում էր աղայի հրամանն անհապաղ կատարելու: «Խաչի, վազ տուր մագազինից այսինչ կտորը բեր»: — Մակար աղան դեռ խոսքը չավարտած, Խաչին արդեն ճանապարհ է ընկել:

Այդ միջոցներին Մակար աղան գտնվում էր ուրախ տրամադրության մեջ: Նա ամենքի հետ քաղցրությամբ էր վարվում, ամենքի հետ խոսում էր կակղությամբ, նամանավանդ ինձ հետ: Մյուս գործակատարների դեպի ինձ ունեցած նախանձին չափ չկար. ես դառել էի մի փուշ և ծակում էի նրանց աչքերը: Ամենքը նախանձում էին մանավանդ նրա համար, որ