Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՐԴԵՀ ՆԱՎԹԱԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

(Մի պատկեր Բաքվի մշակների կյանքից)

— Աղա՛, զավոդն այրվում է։

Իվան Գրիգորիչ Մարությանցը մի միջահասակ, չաղ և բավական ջահել մարդ էր եվրոպական սև հագուստով։ Նրա լիք, կոլորակ և մաքուր սափրած երեսի կարմիր գույնը մի վայրկյանում թռավ դժբախտ լուրը լսելու ժամանակ։

— Ե՞րբ, ո՞ր ժամին, զավոդի ո՞ր կողմից է սկսվել հրդեհը,— վերին աստիճանի անհամբերությամբ և հրամայաբար հարցնում էր նա, երկու փոքրիկ և խորամանկ աչքերի բիբերը արագությամբ շուռ տալով և ձեռները տարածելով դեպի առաջ։ Կարծես նա ուզում էր կատաղաբար հարձակվել չարագուշակ լրաբերի վրա և տեղն ու տեղը խեղդել նրան։

— Կրակը երևացել է մոտ երեք քառորդ ժամ սրանից առաջ,— դողդոջուն ձայնով պատասխանեց լրաբերը, երկյուղածությամբ հետ ու հետ քաշվելով: Ես նոր գործս վերջացրել և պատրաստվում էի քնելու, երբ ականջիս հասավ մի տրաքոցի ձայն։ Ձայնը սաստիկ էր, կարծես թե ամբողջ զավոդը քարուքանդ էր լինում... Ես մի քանի րոպե մնացի շվարած... չգիտեի ի՛նչ անեմ, ո՛ւր վազեմ: Մի կերպ խելքս գլուխս հավաքեցի և դուրս թռա. հենց այն է ուզում էի առաջ վազել, մեկ էլ տեսնեմ աջ կողմից, կաթսաների բաժնից, բոցախառն ծուխը դուրս է փչում... Հասկացա, որ մեծ նավթակաթսաներից մեկը պատռվել է։ Կրակը դիմում էր դեպի յուղ մաքրելու բաժինը։