Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարեկան եմ։ Եվ դեռ ե՞ս եմ տանջում քեզ։ Ոչ, այսպես ապրել այլևս չեմ կարող, հոգնել եմ, ուժ չունեմ...

— Վերջը, վերջը,— պոռաց Ավալյանը այդ բոլորը հազար անգամ լսել եմ ու ձանձրացել։ Նոր ի՞նչ ես ուզում։ Պահանջդ։

Իմ պահանջը իմ և իմ զավակների անունից է։ Ուզում եմ, որ թողնես ցնորքներդ, գոնե այդ հասակում ուշքի գաս և սկսես պարապել մի որևէ գործով։

— Ցնորքներ։ Այո ունեմ ցնորքներ, չեմ հերքում։ Բայց հենց այդ ցնորքներն են, որ դու չես հասկանում, խեղճ ողորմելի արարած։ Դու գրականությունը գործ չես համարում, դու արհամարհում ես իմ կոչումը, այն աստվածային հուրը, որ այրում է հոգիս և որ այսօր, վաղը պիտի հրդեհե մեր փտած կյանքը։

— Ահ, թող աստված սիրես այդ սովորական դարձվածքները։ Նրանք վաղուց են ձանձրացրել ինձ։ Դու շատ լավ ես հասկանում իմ միտքը, երևակայիր քո մասին ինչ ուզում ես, բայց մի մոռանար, որ քո առաջին սուրբ պարտականությունը զավակներիդ ապրուստ տալն է։

— Երբեք, երբեք։ Եմ առաջին սուրբ պարտականությունն իմ կոչմանը ծառայելն է։ Այո, այո, դու խուլ ես, բայց ես միշտ պիտի կրկնեմ, մի հոգի, որ ծնված է ազատ ու անկախ, չի կարող ստրկանալ ուրիշ ոչ մի պարտականության, բացի իր կոչմանը։ Առօրյա կյանք, մանր-մունր պահանջներ գոյություն չունեն, հասկանո՞ւմ ես, թե չէ։ Մի ժամանակ երբ ես ուսուցիչ էի, տանջվում էի հոգեպես, մտածելով, որ դավաճանում եմ իմ կոչմանը, ոտնատակ եմ անում իմ սրբություն սրբոցը։ Գո՜րծ։ Կարծես կա ավելի ազնիվ, ավելի բարձր գործ, քան իմը։ Ահ, անմիտ կին, ավելի լավ չէ՞, որ ճակատագրիդ հպատակվես և փոխանակ իմ կյանքը թունավորելու օգնես ինձ իմ խաչը կրելու։ Դո՞ւ ես դժբախտ։ Ահ, եթե կարողանայիր մի քիչ բարձր մտածել, կզգայիր, որ քո բոլոր ընկերուհիների, ծանոթների, քո ամբողջ միջավայրում դու ես երջանիկը, քանի որ իմ կինն ես։

Մի ուրիշ, ավելի դառն, ավելի կծու ծիծաղ եղավ հետզհետե