Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքն իր տրամադրությամբ ոգևորվող գաղափարականի պատասխանը։

— Մի՛ ծիծաղիր, անմիտ,— գոչեց Ավալյանը, կատաղությունից ճանկեց իր գլխի թանձր ու երկար մազերը, որոնք պապուասի տեսք էին տալիս նրան,— այսօր դու ինձ վերքեր ես տալիս, սրանց վաղը լիզելու ես բժշկելու համար։ Քո ծիծաղը ապտակում է ստեղծագործող հոգիս։ Դու բարոյականության դեմ ես ոճիր գործում, խեղճ ողորմելի թզուկ։ Դու չես հասկանում, որ ես քո զավակների համար պատրաստում եմ մի գանձ, որին շատ շատերը պիտի նախանձեն։ Մի խանգարիր ինձ ով երկրին կպած արարած, մի խանգարիր հոգուս թռիչքին, դու քո ճղճիմ հոգով։ Ես գիտեմ որտեղից են գալիս այդ հովերը։ Դու քո խելքով չես գործում։ Քեզ սովորեցնում են, քեզ գրգռում են իմ դեմ...

Պարզ էր, որ ակնարկը վերա բերում էր տիկնոջ եղբորը։

— Մի՛ համարձակվիր վիրավորելու իմ եղբորը,— գոչեց կինը ավելի գրգռելով,— ես ինչ որ ասում եմ, իմ կարճ խելքով եմ ասում։ Հյուրը, որ մինչև այդ ժամանակ չէր խառնվել մարդ ու կնոջ վիճաբանությանը, մի ներողամիտ հայացք ձգեց Ավալյանի վրա և ասաց.

— Ես զղջում եմ, որ այսօր եկա այստեղ, բայց այդ տեսարանն ինձ համար ոչ նոր է, ոչ զարմանալի։ Թույլ տուր ինձ, Միսակ, մի քանի խոսք ասել և հեռանալ։

— Ահ, գիտեմ ինչ պիտի ասես։ Քույր ու եղբայր միևնույն խմորից եք հունցված, դուք ինձ երբեք չեք հասկանալու, իսկ ես ձեր մտադրությունը արհամարհում եմ ամբողջ հոգովս։

— Թող այդպես լինի, բայց ես, այնուամենայնիվ այսօր կասեմ այն, ինչ որ վաղուց չէի ուզում ասել և չէի համարձակվում, խնայելով քո հիվանդոտ եսասիրությունը։ Բանն այն է, բարեկամս, որ դու մի սարսափելի մոլորության մեջ ես, դրանից է առաջանում քո ընտանիքի և քո իսկ դժբախտությունը։ Խոսքս այն բանի մասին է, որ դու անվանում ես կոչում և որ այնքան հափշտակում է քեզ։ Լսիր, սիրելիս, դու չունես այն, ինչ որ երևակայում ես թե ունես։ Պետք է, վերջապես,