Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթացքում աճելով, քո հոգին կլանել է ամբողջովին:

— Ոգևորությունը խաբե չգիտե,— գոչեց Ավալյանը համոզմունքով,— ես ոգևորված եմ, կնշանակե խաբված չեմ: Ինչո՞ւ ես ունեմ այդ ոգևորությունը և ոչ թե դու, մի ուրիշը, քեզ նման հազարավորները։ Ոչ, ոչ, հազար անգամ ոչ, զուր են քո դիվային փորձերը։ Ես իմ ուժին հավատում եմ, կնշանակե ուժ եմ։

Նորեն մի դառը ժպիտ աղավաղեց հյուրի խելացի դեմքը: Նա մոտեցավ երկու լուսամուտներից մեկին, բաց արավ և ասաց.

— Տեսնում ես, գետի մյուս ափի վրա, ծառերի խտության մեջ — այն մեծ տունը դեղնագույն պատերով։ Գնանք մի օր այնտեղ, և ես ցույց կտամ քեզ հարյուրավոր թշվառներ, որոնք նույնպես հափշտակված են իրենց կոչումով։ Նրանք ևս գաղափարի գերիներ են քեզ պես։ Մեկն իրեն երևակայում է անուղղելի զորավար, մյուսը հանճարեղ ճարտարապետ, երրորդը երևելի հռետոր, մի ուրիշը նշանավոր գիտնական կամ գյուտարար: Յուրաքանչյուրը հափշտակված է իր իդեալով փորձիր նրանց հասկացնել իրենց մոլորությանը, քեզ կհամարեն խելագար։ Բայց արդյոք, չես խղճա այդ թշվառներին:

— Ինչո՞ւ,— պոռաց Ավալյանը, իր վտիտ կրծքի ամբողջ ուժով,— դու ինձ համարում ես խելագա՞ր: Զգուշացիր, ժխորի զավակ, խելագարը կարող է քեզ իր ճանկերով խեղդել։

— Էհ, թող, ի սեր աստծու, այդ ձևերը։ Դու հիստերիկ կին կամ հիվանդ երեխա չես, որ քեզ հետ մեղրալի բերանով խոսեմ, թող իմ անվայելք համեմատությունը վիրավորե քեզ, բայց ես պարտավոր եմ սթափեցնելու համար միջոցների մեջ խտրություն չդնել։ Մարդ, որպես ազգական, խղճում եմ քեզ, դեն ձգիր աչքերիդ քողը և հաշտվիր այն ճշմարտության հետ, թե դու հանճար չես և ոչ տաղանդ, և ոչ նույնիսկ միջակություն, այլ ոչնչություն, կատարյալ ոչնչություն։ Ինչ իրավունքով ես դու տանջում ուրիշներին, որ ոչնչով մեղավոր չեն քո դժբախտության մեջ։ Ահա այս խեղճ կնոջը, որ ամեն օր այդպես լալիս է, ահա այն երեխաներին, կեղտոտ բակում խաղում են շների, կատուների հետ, չունենալով ավելի լավ շրջան։ Նայիր, տես ինչի են նման։ Իմ սիրտն է մորմոքվում