Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրենակիցն է․ զարմանալի է, որ չիմացար հենց առաջին տեսնելուց։

— Ո՞րտեղացի եք,— հարցրեց հիվանդը,— խոմ Բեսարաբիայից չե՞ք։ Ո՞չ։ Օ՜о, այդ շատ լավ է, շատ լավ։ Օ՜ֆ, օֆ-օֆ, Բեսարաբիայի հայերը աստված չունին, գազաններ են, չեն ուզում ցավս հասկանալ։ Տե՛ր աստված, ոչ ոք ցավս չի հասկանում, ոչ ոք։

— Էլի մի՛ սկսիր հին երգդ,— գոչեց սինյորա Ստեֆանիան,— բավակա՛ն է:

— Ո՛չ, Ստեֆանիա, չեմ կարող լռել, սիրտս այրվում է։ Դու էլ մայր ես, բայց զավակդ տղա չէ։ Օ՜հ, երանի իմն էլ աղջիկ լիներ։ Չգիտես, ինչ է անում նա։ Հոր նման տանջում է ինձ։ Պարոն,— դարձավ ինձ,— այդ փչացածն իմ միակ տղան էր հասկանո՞ւմ եք, միակ, ուրիշ զավակ չունիմ։ Աստված սիրեք, խելքի բերեք նրան: Նա հոր ճանապարհով է գնում․․․

— Սովորական գանգատներ են,— շշնջաց ականջիս Լուիզան,— ուշադրություն մի՛ դարձնեք։

Ես նայեցի Լևոնին։ Ամաչելուց նա երեսը դարձրել էր պատին, մեզ չէր նայում։

Լուիզան մոտեցավ նրան, բռնեց ձեռներից, երեսը դարձրեց յուր կողմը, ուղիղ նայեց աչքերին բարեկամական — ո՜չ, ավելի՜— սիրող քրոջ քնքուշ հայացքով։ Ինձ թվաց, որ այո հայացքը թափանցեց մինչև Լևոնի հոգու խորքը: Եվ ո՞ւմ հոգու խորքը չէր թափանցիլ այն։ Լևոնը զվարթացավ և երախտագիտության զգացումով լեցուն աչքերով նայեց իտալուհու երեսին։

— Եթե օրինավոր որդի լիներ,— շարունակեց հիվանդը,— ձեզ նման պատվավոր հյուրերին այսօր այս խոզաբնում կընդունե՞ր։ Տեսնո՞ւմ եք, աթոռներ էլ չունինք: Անամո՛թ, ի՞նչ ես ցցվել փայտի պես։ Չե՞ս տեսնում հյուրերիս:

Լևոնը կրկին անգամ սենյակի մի զույգ աթոռներն առաջարկեց մեզ։ Նստել անկարելի էր, այդ փոքրիկ սենյակում յոթ-ութ հոգի կանգնել միայն կարող էին։ Լուկրեցիա Կաֆարելլին երկար չդիմացավ օդի սակավությանը, դուրս գնաց։