Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուլիսների հետևը, կամաց֊կամաց ծանոթանում է արտիստական աշխարհի հետ։ Այժմ բոլոր արտիստները ճանաչում են նրան, բոլորին նա ծառայություններ է անում, և բոլորը սիրում են նրան յուր հեզության և աշխուժության համար։ Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբի ներկայացումները։ Նա ցերեկներն էլ թատրոնումն է կամ նրա շուրջը։

— Սինյոր, կզարմանաք եթե ասեմ, որ այժմ նա երբեմն ստեղծում է նորեկ անծանոթ արտիստի համար փառք մեր քաղաքում,— շարունակեց մոր փոխարեն Լուիզան։ — Այո՛, այո՛, սինյոր Չելլինի, մի՛ հակառակեք, այս ճիշտ է։ Նա ունի բազմաթիվ հույն և հրեա ընկերներ, որոնք զարմանալի հավատ ունին դեպի նրա ճաշակը և սիրում են նրան։ Դրանք կլակյորներ չեն, ո՛չ, այլ թատերասերներ։ Չգիտեմ, գուցե նրանք կաշառում են, բայց Լևոնը՝ ոչ, երբեք չի կարելի նրան կաշառել։ Սինյոր Կավալլարո, ճի՞շտ եմ ասում, թե ոչ։

— Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն՝ որպես քնարի լար,— արտասանեց բարիտոնը։— Նա իմ հանգուցյալ եղբոր տիպարն է...

— Բայց ինչպե՞ս է ստեղծում անծանոթ արտիստի համար փառք,— հետաքրքրվեցի ես։

— Առաջին ծափահարությամբ,— պատասխանեց Կավալլարոն։

— Չեմ հասկանում,— ասացի ես։

— Սինյոր, երևի չգիտեք ինչ ասել է արտիստի համար առաջին ծափն անծանոթ քաղաքում։ Շատ բան, երբեմն ամեն ինչ։ Դուք թատերասեր եք, նկատած կլինեք մի երևույթ։ Թատրոնական սրահում նստող հասարակությունը հազիվ է վստահանում առաջին ծափը տալ անծանոթ արտիստին։ Շատ անգամ, հոգով հիացած երգչի երգով, նա ամաչում է յուր հիացումը արտահայտել. կարող են նրան անճաշակ համարել։ Բայց ահա օգնության է հասնում Լևոնը։ Նա ազատ է հասարակական նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ։ Խումբը հետևում է նրա օրինակին։ Այն ժամանակ հասարակությունը նույնպես