Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծափահարում է։ Մյուս օրը լրագրերը գրում են այդ ծափահարությունների մասին, և ահա անծանոթ արտիստի աջողությունը ապահով է։

— Եթե, իհարկե, արտիստը շնորհք ունի,— ավելացրեց Չելլինին։

— Այո՛, իհարկե։

— Բայց քո Լևոնը կարող է շատ անգամ անշնորհքին էլ տալ առաջին ծափը,— նկատեց Բորելլին։

— Ներողություն,— պատասխանեց Կավալլարոն, հեգնորեն ժպտալով,— մեր խմբի վերաբերմամբ գոնե նա դեռ այդպիսի սխալ չի գործել։

Ես գուշակեցի, որ Բորելլին դեռ չի արժանացել Լևոնի ծափին։

Վիճաբանությունը գուցե շարունակվեր, եթե կրկին ներս չմտներ Լևոնը։ Այս անգամ նրա դեմքը բավական հանգիստ էր։ Նա հրավիրեց Կավալլարոյին մի անկյուն և, շշնջալով ականջին, բաց թողեց նրա գրպանը մի ոսկեդրամ։ Հետո իմացա, որ մեր դուրս գալուց հետո նա իր մոր բարձի տակ գտնում է այդ դրամը: Հասկանում է, որ Կավալլարոն պիտի դրած լինի, վերցնում է, բերում, վերադարձնում տիրոջը։

— Համառ ես, Լևոն, համառ,— գոչեց Կավալլարոն, շփելով պատանու գլուխը հայրական սիրով։— Դե լա՛վ, մի՛ նեղանար, նստի՛ր, մի փոքր խոսենք։ Դու, իհարկե, երեկ թատրոնումն էիր։

— Էի՛։

— Հավանեցի՞ ր ինձ...

— Իհարկե։

— Ապա ինչո՞ւ երեսդ դարձնում ես ինձանից․․․ Ա՜ա, կեղծո՞ւմ ես։

— Սինյոր Կավալլարո, երեկ դուք շփոթված էիք։

— Ե՞ս․ ամենևին։ Սխալվում ես։

— Ո՛չ, սինյոր, չեմ սխալվում։ Երբ հանգիստ եք, երբեք չեք շեղվում։ Մենք ամենքս իմացանք, որ ձեզ բարկացրել են։