կամեցա կարեկցությունս արտահայտել։ Պետք է ասած, որ Տեր-Ավանեսի ուսումնարանում սեղաններ չկային, մենք նստում էինք հատակի վրա, ծալապատիկ։ Ես մի քանի անգամ ծնկովս կամացուկ զարկեցի Ավետի ծնկանը։ Նա չհասկացավ, կարծեց չարություն եմ անում։ Այն ժամանակ ես բռնեցի նրա ձեռը և ամուր սեղմեցի։
Այս անգամ նա հասկացավ, նայեց ինձ և բարեկամաբար ժպտաց։
— Ալեքսան,— դարձավ նա ինձ, երբ փողոց դուրս եկանք։— Ես ուզում եմ քեզ հետ խոսել։
Նրա ձայնը դողում էր, դեմքը լուրջ էր։
— Ասա ինչ որ ուզում ես,— պատասխանեցի ես։
— Մեկէլ օրը դու չէիր ուզում ոտներիս ճիպոտով խփել։ Ես հասկացա, որ խղճում ես ինձ։ Շնորհակալ եմ։ Դու լավ տղա ես, դու մեր հարևանն ես։ Դու չես ծաղրում իմ քիթը: Ձեռդ տուր, բարեկամներ ենք։
Ես զգացված սեղմեցի ձեռը։
— Գալով Աղալոյին,— շարունակեց նա,— դու կտեսնես այս րոպեին, թե ինչպես կխրատեմ նրան։
Այս ասելով, Ավետը վազեց առաջ, բռնեց Աղալոյի թևերը երկու ձեռքերով և ասաց.
— Այ դու կատվի դունչ, մկան պոչ, խլեզ, քո պատճառով իմ ոտքերը ֆալախկայի մեջ դրին, ծեծեցին, ուռցրին։ Հիմա էլ ցավում են։ Դու ծաղրում ես քիթս հա՞։ Դե կեր։
Եվ սկսեց ծնկով արագ-արագ խփել Աղալոյի ծնկներին, փորին, կրծքին, այնքան, որ տղան բղավեց, մեզ կանչելով օգնության։
Մենք հազիվ կարողացանք Աղալոյին ազատել Ավետի ամուր ճանկերից։
Այդ օրից Ավետը և ես դարձանք բարեկամներ: Ես կռվում էի ամենքի հետ՝ ով ծաղրում էր նրա քիթը։