Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայրենի լեզու չիմանալը։ Բայց առաջին անգամն էի պատահում մեկին, որ տաճկերենը հայերեն էր համարում։

Ես խնդրեցի Լևոնին այցելել ինձ շուտ-շուտ և իմ կողմից խոստացա այցելել նրան։

Նա ինձ երկար սպասել չտվեց։ Հետևյալ օրն իսկ եկավ սենյակս և ուրախ-ուրախ հայտնեց, թե մայրն արդեն առողջանում է։ Ուղիղն ասած, ես չէի հետաքրքրվում մոր վիճակով, ինձ զբաղեցնողը որդու ճակատագիրն էր։

Երբ խոսք բաց արի թատրոնի ու երաժշտության մասին, պատանին կերպարանափոխվեց, ինչպես կրակոտ սիրահար, երբ խոսվում է նրա սրտի ընտրյալի վերաբերմամբ։ Ոգևորված նկարագրեց յուր լսած երևելի երգիչների ու նվագիչների տաղանդը։ Վերջին յոթ տարվա ընթացքում նա լսել է գրեթե բոլոր նշանավոր երգիչներին ու նվագիչներին, որոնք այցելել էին Ռուսաստան Օդեսայի վրայով։

— Երևի դու էլ նվագում ես կամ երգում,— հարցրի ես։

— Ո՛չ, սինյոր։

— Չեմ հասկանում։

— Երգելու համար ձայն չունիմ։

— Իսկ նվագելու համար գործիքներ շատ ունիս սենյակումդ։ Երեկ տեսա։

— Այո՛, նվագում եմ մանդոլինա և կիթառ։

— Նոտաներ գիտե՞ս։

— Սինյորինա Լուիզան սովորեցրել է։ Դուք լսե՞լ եք նրա երգեցողությունը։ Հիանալի ձայն ունի։ Այնպես չէ՞։ Հավանե՞լ եք։ Իհարկե, ո՛վ չի հավանիլ։ Օ՜օ, Լուիզային մեծ ապագա է խոստանում․․․

Նա լռեց, հառաչեց, հայացքը ձգելով դեպի անորոշ տարածություն։ Ես նրա դեմքի վրա նշմարեցի հոգեկան գաղտնի տառապանքի արտահայտություն։ Խոստովանում եմ, այն ժամանակ նշանակություն չտվեցի նրա հառաչանքին։ Եվ մի՞թե կարող էի երևակայել տասնույոթ տարեկան պատանու հոգին որևէ լուրջ վշտի ընդունակ։

— Այդ բոլորը լավ,— ասացի ես, — բայց դու ինչո՞վ ես կերակրում քեզ ու մորդ։ Չէ՞ որ հայրդ ժառանգություն չի թողել։