Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գործ շատ կա, սինյոր։ Պրոգրամներ եմ ծախում, ստատիստի դեր եմ կատարում բեմի վրա, պոչ եմ բռնում։ Ա՜խ, սինյոր, եթե միջոց ունենայի, կսովորեի վիոլոնչել նվագել ու կմտնեի երաժշտական խումբը։

— Հիշո՞ւմ ես հորդ, Լևոն։

— Իհարկե, շատ լավ եմ հիշում։

— Ասում են, նա բարի մարդ էր:

— Այո՛, սինյոր, շատ բարի էր, միայն.․․

— Հարբում էր,— լրացրի ես պատանու խոսքը։

— Նա երբեք ինձ չէր ծեծում, չէր էլ բարկանում վրաս: Բայց ո՛չ, մի անգամ բարկացավ, հիշում եմ...

— Երևի չարություն էիր արել։

— Այո՛։ Այն ժամանակ նրա խանութն ահա այն անկյունի կապույտ տան ներքին հարկումն էր։ Ամեն օր գնում էի այնտեղ կեղծամներ սանրում։ Մի օր նա տխուր էր շատ։ Մի ժեներալ եկավ երեսը սափրել տալու։ Նրա մոտ միշտ մեծամեծներ էին գալիս։ Ես վերցրի մի սանր, վրեն քաշեցի մի թուղթ ու սկսեցի շրթունքներովս նվագել։ ժեներալր բարկացավ ու հորս հրամայեց ինձ դուրս անել։ Հայրս մոտեցավ, ականջս քաշեց ու, վզակոթիս տալով, վռնդեց դուրս: Բայց հետո, երբ ժեներալը գնաց, կանչեց ինձ ներս, աչքերս սրբեց, համբուրեց ու ասաց. «Եթե դու կունենաս երաժշտական ընդունակություն, ինձ գրավ կդնեմ, քեզ չեմ թողնիլ առանց ուսման»։ Այո՛ սինյոր, շատ լավ մարդ էր, թեև հարբում էր։ Սինյոր, ներեցեք, ո՞ր ժամն է։

— Տասնումեկ։

— Օ՜օ, ես ուշացա։ Ներողություն, էլի կգամ։ Ձեր սենյակը լավն է։ Դուք ինձ գրքեր կտաք կարդալու, այո՞։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Այսօր Կալաֆատիի բենեֆիսն է։ Թատրոնը լիքն է լինելու։ Պետք է գնամ պոչ բռնեմ։

Ես կամեցա հարցնել՝ ինչ ասել է «պոչ բռնել», բայց Լևոնն արդեն չքացել էր։

Կալաֆատին ընտիր երգչուհի էր։

ԳՆացի թատրոն տոմսակ վերցնելու։ Կասի առաջ կանգնած էր գնողների մի երկայն շարք, որ հասնում էր մինչև փողոցի կեսը։ Եղանակը սառն էր, խոնավ, անախորժ։