Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պիտի բռնեի շարքի վերջին տեղը և ամենաքիչը մի ժամ սպասեի մինչև հերթս հասներ։ Ուզում էի վերադառնալ տուն, երբ լսեցի իմ ազգանունը։ Դա Լևոնի ձայնն էր, որ կարող էի ճանաչել հարյուրավոր ձայների մեջ։ Նա կանգնած էր կասից մի քանի քայլ միայն հեռու, երկու հրեաների միջև սեղմված։

— Տոմսա՞կ եք ուզում գնել,— հարցրեց նա տաճկերեն։

— Այո՛։

— Եկեք, տեղս բռնեցեք, ապա թե ոչ, շուտ չեք հասնիլ կասին։

Ես բռնեցի նրա տեղը։ Նա գնաց կանգնեց շարքի վերջում։ Այստեղ միայն իմացա՝ ինչ ասել է «պոչ բռնել»։ Լևոնը կանգնում էր շարքի հետևում և, երբ բավական մոտենում էր կասին, յուր հերթը ծախում էր ցանկացողին հինգ֊տասը կոպեկով։ Հետո դարձյալ գնում էր ու շարքի հետևում կանգնում։ Նա ամեն միջոց գործ էր դնում թատրոնից չհեռանալու համար։ Նրա օդը, կերակուրը, կյանքը, ամեն ինչ թատրոնն էր։

Իմ հետաքրքրությունը այդ պատանու վերաբերմամբ արդեն այնքան մեծ էր, որ աշխատում էի ամեն օր նրան տեսնել։

Մի առավոտ նրա մոտ հանդիպեցի երկու անծանոթների , որոնց հետ յուր սենյակի դռների առջև կանգնած խոսակցում էր։

Մեկը յուր հասակի պատանի էր հնամաշ հագուստով, բայց գլխին նոր գլխարկ։ Դեմքի գծերը բուն հրեական էին, աչքերը դեղնագույն, մազերը գրեթե կարմիր, երեսը ինչ-որ բծերով ծածկված, սակայն համակրելի։

Մյուսին ես շատ անգամ էի տեսել քաղաքի զբոսավայրերում ու թատրոնների առջև։ Դա մոտ քսանուհինգ տարեկան երիտասարդ էր, այնքան նիհար, այնքան բարակ ու գունատ, որ կարծես մագաղաթից լիներ շինված։ Նրա երեսը երկարավուն էր ու նեղ, աչքեըը կլոր ու փոքրիկ, կոկորդի ոսկորը դուրս ցցված։ Հարթ ու նոսր մազերը, մինչև ունքերը քաշած կակուղ գլխարկի տակից ցած իջնելով, յախույի պես կպել էին բարակ պարանոցին և ընդգրկել կոկորդի մի մասը։ Սև սյուրտուկի վրա հագած էր թիկնոցավոր