Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշան անել ամուսնուն, թե բոլորովին համաձայն է նրա հետ՝ ինչ որ էլ ասի։

Պարոն Բաղդասարն ասաց.

— Գիտես, բարեկամս, ես ծիծաղեցի, որովհետև քո առաջարկությունն ինձ համար ծիծաղելի է։ Ես հայոց թատրոնին մի կոպեկ անգամ չեմ տա։

— Ինչո՞ւ։

— Որովհետև ես ինձ ճաշակից զուրկ մարդ չեմ համարում։ Իմ սկզբունքն է երբեք չօգնել այն գործին, որ լավ չի տարվում։ Ձեր թատրոնը թատրոն չէ, այլ բալագան։

— Բայց...

— Այո՛, բալագան է։ Դերասանները անկիրթ, կոպիտ, հագնվում են ինչպես ծառաներ։ Իսկ դերասանուհիները հագնվում են ինչպես աղախիններ։ Այնպես չէ՞, Մարո։

— Ճշմարիտ է։

— Ոչ, բարեկամս, խնդրիր ում համար և ինչի համար, ուզում ես, բայց մի՛ ստիպիր ինձ սկզբունքիս դեմ բան անել։ Ես բարերարությունն անում եմ գիտակցաբար...

Հյուրը գնալուց հետո պարոն Բաղդասարը հիշեց, որ իր այժմյան այնքան շքեղ ու ճաշակով հագնված կինը, նույնպես հագնվում էր ինչպես աղախին, այն ժամանակ, երբ ինքը փող չուներ։

Եկան խնդրեցին Էջմիածնի վանքի վերանորոգության համար. պարոն Բաղդասարն ասաց, թե սկզբունքով դեմ է հնությունները պահպանելուն։ Ասաց, թե ազգի անցյալը նրան չի հետաքրքրում։ Թող խնդրեն նոր, ժամանակակից բաների համար, և նա պատրաստ է օգնել։

Եկան խնդրեցին գյուղական դպրոցների համար. պարոն Բաղդասարն ասաց, թե առաջ պետք է կրթել աղքատ քաղաքացի երեխաներին, հետո գյուղ գնալ։

Եկան խնդրեցին գրականության համար. պարոն Բաղդասարն ասաց, թե բոլոր ազգերի գրականությունները պահվում են առանց կողմնակի նպաստների, թող հայ գրականությունն էլ ինքն իր աշխատանքով ապրե։