Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարուքն ասաց, թե Սարուկը կմնա տանը որպես կրտսեր։ Սարուկն ասաց, թե Մարուքը կմնա տանը, որպես մեծ։

— Ես քեղանից ավելի առողջ եմ,— ավելացրեց նա,— դու չես կարող դիմանալ պատերազմի դժվարություններին։

— Ես քեզանից մեծ եմ, ավելի փորձված,— ասաց Մարուքը,— դու դեռ երեխա ես։

Վեճը շարունակվեց մոտ երկու շաբաթ, ամեն երեկո։ Երբեմն եղբայրները միմյանց համոզելու համար պատրաստ էին դիմել բռունցքի օգնության։ Այսպես, մի անգամ Մարուքն այնպես կատաղեց, որ Սարուկի կրծքին զարկելով, գցեց նրան հատակի վրա։ Վայրկենաբար Սարուկը ոտքի թռավ վագրի ձագի պես և հարձակվեց Մարուքի վրա։ Մայրը մի կերպ բաժանեց նրանց, ընկնելով Սարուկի ոտքերի տակ։

Տեսնելով, որ ինքն անզոր է հաշտություն գցելու զավակների մեջ, այրին օգնության կանչեց ազգականներին ու հարևաններին։ Այդ էլ չօգնեց։ Քանի Մարուքն ու Սարուկը շատ էին վիճում, այնքան յուրաքանչյուրը նրանցից ավելի ու ավելի էր համառում։

Վերջապես մի երեկո Մարուքը առաջարկեց վեճը վճռել հետևյալ միջոցով։ Թող երկուսն էլ ցույց տան իրենց դիմացկունությունը ու քաջության չափը, ով նրանցից ավելի թույլ գտնվի, թող նա մնա տանը, իսկ մյուսը գնա պատերազմ։

— Շատ լավ, ես համաձայն եմ,— ասաց Սարուկը գրգռված։

— Խոսք տալի՞ս ես, որ կհպատակվես և էլ չես հակառակի,— հարցրեց Մարուքը:

— Տալիս եմ։

— Երդվիր հայրիկի գերեզմանով։

— Երդվում եմ մայրիկի անունով։

— Երդվիր հայրիկի գերեզմանով։

— Երդվում եմ հայրիկի գերեզմանով։

— Բայց ինչպե՞ս փորձենք մեր քաջությունը սենյակի մեջ։

— Իսկույն կասեմ։ Մայրիկ, խնդրում եմ հեռանալ այստեղից։

Այրին վախեցավ։ Նա կարծեց, թե երկու եղբայր պիտի