Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կատարեց նույնիսկ կռվի դաշտում, նույնիսկ այն երեք ճակատամարտերից մեկի միջոցին, որոնց մասնակցեց։ Կատարեց մինչև այն ժամանակ, քանի որ թշնամու գնդակը չէր ջախջախել նրա ձեռքը, հակառակի պես աջը և ոչ ձախը։

Այսօր 7-րդ օրն էր, որ նա չէր գրել Իրինային։ Եվ այդ նրան ավելի զգալի ցավ էր պատճառում, քան վերքերը։ Նա գիտեր, թե ինչ է նշանակում Իրինայի բերանում «եթե երկու օր նամակդ ուշանա, վշտանալու եմ» խոսքը։ Այդ նշանակում է, որ նա այժմ տանջվում է անչափ, և որովհետև նրա շիտակ բնույթը վճռական է, կարող է որևէ վտանգավոր քայլ անել։ Հանկարծ տեսար խելագարի պես վազեց պատերազմի դաշտը իր Լեոնիդին փնտրելու։

Պետք է անպատճառ գրել, այսօր ևեթ։ Հեռագիրը Իրինային գոհացնել չէ կարող, ընդհակառակը ավելի կվախեցնի: Բայց ինչպես գրել։ Պետք է դիմել մի ուրիշի օգնության։ Գուցե գթության քույրերից մեկի՞ն։ Նրանք այնքան բարի են, այնքան հոգատար, որ սիրով կկատարեն նրա խնդիրը։ Բայց ոչ, այդ անկարելի է։ Ի՞նչ, թելադրել մի օտար անձի այն, ինչ որ նվիրական է Լեոնիդի համա՞ր, այն, ինչ որ այժմ, ճիշտ այժմ, ավելի քան երբևիցե, հուզում է նրա՞ն—սերը դեպի Իրինան։ Նա կարող է ծաղրելի դառնալ օտարի աչքում այս ողբերգական պահին, երբ ամենքը, ամենքը, նույնիսկ ամենախիստ էգոիստները, մոռացել են անձնականը հանրայինի համար, երբ ամենքին մի և միայն մի զգացում է զբաղեցնում և հուզում, սերը դեպի տառապող հայրենիքը։

Գնացքը կամաց-կամաց դանդաղեցրեց իր ընթացքը, հանդարտ մոտեցավ Թիֆլիսի կայարանին և կանգ առավ։

Լեոնիդն աչքերը փակ շարունակ մտորում էր Իրինայի մասին, երևակայելով նրան մերթ հուսահատությունից արտասվելիս, մերթ երկաթուղու գնացքներում։ Նա գրեթե չէր լսում և չէր զգում, թե ինչ է կատարվում իր շուրջը:

Ֆելդշերը, կարծելով որ նա քնած է, ձեռքը մեղմիկ դրեց նրա ճակատի վրա և կամացուկ արտասանեց.

— Պարոն սպա, արդեն հասել ենք, պետք է իջնել։

Լեոնիդն աչքերը բաց արավ, փորձեց վեր կենալ, մի վայրկյան մոռանալով ոտքի վերքը։ Ֆելդշերը թույլ չտվեց և