սարսափեցնում էին իրենց անհնազանդ երեխաներին, կանայք սպառնում էին իրենց ամուսիններին և աղջիկները վախեցնում իրենց ծնողներին։ Մի կին, որի կարճատև կյանքը առեղծված էր ինձ համար այն ժամանակ և առեղծված է այժմ, քառասուն տարի անցնելուց հետո։
Արդարև, ինչո՞ւ այդ երիտասարդ կինը, որի գեղեցկությունը հիացնում էր ամենքին, ցերեկները կին էր, ինչպես իր շրջանի և իր դիրքի բոլոր կանայք. համեստ, ամոթխած, տնարար, աշխատասեր, իսկ գիշերները՝ տղամարդ։ Եվ ի՜նչ տղամարդ։ Կատարյալ մի ավազակապետ, զինված մինչև կոկորդը, սև յափունջին ուսերին, սպիտակ երկայնամազ շուլլահին գլխին և հրացանը ձեռքին։ Շրջապատված իր նման զինված մի քանի մարդերով, որոնք միշտ խոնարհվում էին նրա առջև երկյուղով, պատկառանքով և ակնածությամբ։
Աստված իմ, ինչե՜ր չէին պատմում նրա անցյալի մասին։ Իբրև թե Մարջանն իրոք հայուհի չէ և ոչ քրիստոնյա, իբր թե նրա մայրը, որ շատ գեղեցիկ կին է եղել երիտասարդ հասակում, մի օր ընկել է լեզգիների ձեռքը։ Նրան տարել են Դաղստան և նվիրել Իմամ Շամիլին, և ահա Մարջանն այդ արկածի պտուղն է։ Ասում էին նաև, որ Մարջանն իսկապես կանացի արգանդի բերք չէ, այլ, ով գիտե մի չար դևի և մի կատաղած բորենու խառնության արդյունք, որին մի գիշեր մի աներևույթ ձեռք գցել է նրա հիվանդ մոր անկողինը։
Պատմում էին նաև... Բայց ո՜ր մեկն ասեմ։ Սակայն այս բոլոր առասպելների մեջ կա մեկը, որ այսօր ինձ հավանական է թվում։
Ահա ինչ։ Տասնևյոթ տարեկան հասակում Մարջանը լուսամուտից, կտուրից թե դռների արանքից տեսնում է տեղական տաքարյուն, կռվասեր երիտասարդներից մեկին ու շատ հավանում։ Այնուհետև գիշեր-ցերեկ այդ երիտասարդի կերպարանքը հալածում է դեռահաս աղջկան, օր-օրի վրա ավելի ու ավելի գրգռելով նրա վառվռուն երևակայությունը։ Վերջապես նա որոշում է երիտասարդի ուշադրությունը գրավել