Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փառահեղ կառքին, մի քանի զույգ ձեռներ սկսեցին արձակել ձիերը: Կարծեցի, թե Լևոնն է սկզբնապատճառը և շտապեցի մտքումս հայհոյել բարեկամիս: Սակայն դեռ լավ չէի ճանաչում նրան։ Նայեցի՝ չկար ո՛չ լծվողների և ո՛չ լծողների մեջ: Դրանք բացառապես ուսանողներ էին, որոնց թեթևամտությունը, երևի, անասնության էր հասնում:

Լևոնի խումբն աջ ու ահյակ ուղեկցում էր կառքին՝ վառ կերոններով: Երգչուհին մեկ-մեկ ընդունում էր ուսանողներից փնջերը, փետում ու ծաղիկները սփռում պատանիների վրա, իսկ ուսանողներին վարձատրում էր օդային համբույրներով։

Ճեղքելով ամբոխը, ես մոտեցա բարեկամիս:

— Աա՜, դուք է՞լ այստեղ եք,— գոչեց նա, հևալով,— լսեցի՞ք ինչպես երգեց, լսեցի՞ք...

— Այո՛, Լևոն, հիանալի երգեց։ Բայց այդ ուսանողնե՞րր... Ի՞նչ են անում... Մի՞թե դու հավանում ես այդպիսի ցույցեր։

— Աստված մի՛ արասցե։

— Մենք անասուններ չենք,— ասաց Իցկո Մարգուլիսը։

— Այո՛, մենք մարդիկ ենք,— գոչեց Չաուշենկոն, վրդովված.— է՛յ պարոնայք ստուդենտներ, մի ձգեք ձեր մունդիրի վարկը․ է՛յ պարոններ, ամոթ է...

— Մտի՛կ արեք,— գոչեց Լևոնը,— ինքն էլ չի հավանում. ուզում է իջնել կառքից... Բայց ո՛չ, չի իջնում... Աա... Վի՛տյա, Պետրո, Մերգել, Խայս, հանգցրեք կերոնները․․. Ո՛չ, ո՛չ, ո՛չ սպասեցե՛ք... Նա իջնում է կառքից... Իջավ, իջավ... Ձիերը լծում են... Կարի՜սսիմա, կեցցե՜ Բարբինի. էվի՜վա, բրա՜վա, բրավի՜սսիմա, առա՛ջ, առա՛ջ...

Եվ, կերոնը բարձրացրած, աղաղակելով, չքացավ ամբոխի մեջ, յուր հրեա և հույն ընկերների հետ... Նրանց հետևեց Չաուշենկոն, լայն վերարկուի փեշերը օդի մեջ ֆրֆռացնելով պատառոտված առագաստների պես...

Ես տուն վերադարձա ծանր տպավորության տակ։ Այդ գիշեր երազումս տեսա Լևոնի հորը։ Թշվա՜ռ վարսավիր։ Նա հարբած, կեղտոտ ու պատառոտված հագուստում շնթռկել էր թատրոնի մուտքի առջև։ Անցորդները հեգնում ու