Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծիծաղում էին նրա անհույս սերը, որ, ո՛վ գիտե, գուցե առաջացել էր գեղարվեստի սիրուց։ Այսպես էի ես միշտ պատկերացնում վարսավիրին, այսպես էլ տեսա նրան երազումս...

Զարթնելով, փափագ զգացի Լևոնին տեսնելու։ Բարձրացա վերև։ Տանը չէր։ Մայրն ինձ հանդիպեց արտասուքը աչքերին և գանգատվեց, թե գիշերը տուն է վերադարձել երեք ժամին։ Այսօր զարթնել է թե չէ, իսկույն տնից դուրս է եկել։

— Պարոն,— աղերսեց այրին,— դուք կարող եք նրան խելքի բերել։ Նա սիրում է ձեզ, կլսե ձեր խոսքերը։ Նա գնում է հոր ճանապարհով։ Վերջն իրան հարբեցողության կտա և շան պես կթավալվի փողոցներում։

— Նա այդ չի անիլ, խելոք է։

— Ա՛խ, պարոն, կարծում եք հայրը հիմա՞ր էր։ Ո՛չ, նա էլ խելոք էր։ Բայց խելքից հանեցին, օրս սևացրին։ Ամուսնուս ձեռքիցս խլեցին, չեմ ուզում որդուս էլ խլեն... Պարոն, օգնեցեք, ես մայր եմ, հասկանո՞ւմ եք, մայր...

Այո՛, մայր էր այդ կինը, գիտեի, որ սիրում էր որդուն ու տանջվում նրա պատճառով։ Այժմ խղճում ու մինչև անգամ ցավակցում էի նրան, բայց դարձյալ անախորժ էին ինձ համար նրա անվերջ գանգատները, նրա եսամոլ հոգացողությունը որդու համար։

Կեսօրից հետո կրկին բարձրացա վերև։ Այս անգամ Լևոնը տանն էր, բայց անկողնում պառկած։ Նրա վտիտ այտերի վրա նշմարեցի անսովոր կարմրություն։ Բռնեցի բազուկը․ երակը զարկում էր ուժգին։ Անշուշտ երեկ մրսել էր։ Բայց չէր հանձն առնում հիվանդությունը: Նա ուրախ էր և, օգտվելով մոր բացակայությունից, հայտնեց յուր ուրախության պատճառը։ Բարձի տակից հանեց մի լուսանկար և, ցույց տալով, հարցրեց.

— Ճանաչո՞ւմ եք:

Այդ երեկվա երջանիկ երգչուհու լուսանկարն էր։

«Իմ սիրելի արտիստին», կարդացի լուսանկարի ճակատին։

— Ամենքն էլ ինձ արտիստ են կոչում,— ասաց Լևոնը,— չգիտեմ ինչու։ Այսօր գնացել էի նրան շնորհավորելու