Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնվող գեղեցիկ պարտեզը, նստում այնտեղ ու նայում հսկայական շինությանը: Հետո գլուխը կրծքին թեքած, ով գիտե ինչ խորհրդածությունների մեջ, վերադառնում էր տուն: Նա նորոգել էր տվել մոր ձեռքով լուսամուտից փողոց շպրտված կիթառը, նվագում էր։ Երբեմն գալիս էր ինձ մոտ և իմ առաջարկությամբ մանդոլինա նվագում։ Մի անգամ թախանձեցի նրան կրկնել «Մադրիդի շրջմոլիկը»․ մերժեց։

Օպերային փոխարինեց դրաման: Մեծ պասի առաջին կերակուց սկսվեցին ներկայացումները: Լևոնը մտավ յուր դերի մեջ, բայց ո՛չ նախկին սիրով. դրաման օպերայի չափ չէր սիրում, մանավանդ որ եկվոր խմբի մեջ չկային գրավիչ ուժեր: Սակայն պատանուն պաշարել էր ուրիշ տեսակ աշխույժ, որ ինձ անհանգստացնում էր։ Նա ամեն օր գալիս էր ինձ մոտ, վերցնում մանդոլինան, նստում լուսամուտի մոտ, նվագում «Մադրիդի շրջմոլիկը»: Երբեմն հանկարծ ընդհատում էր նվագումը, մանդոլինան շտապով դնում էր սեղանի վրա ու դուրս վազում: Նա գնում էր Լուիզայի մոտ, նստում և երկար ու երկար հարցուփորձ անում առաջիկա ճամփորդության մասին։ Եվ բարեսիրտ Լուիզան երբեք չէր ձանձրանում նրա հարցերից, որովհետև նրա համար հաճելի էր խոսել յուր ապագայի մասին:

— Գիտե՞ք,— դարձավ ինձ մի անգամ Ռաիսան,— նա ուղղակի սիրահարված է Լուիզայի վրա։ Այո՛, կարող եմ երդվել որ սիրահարված է:

— Զգույշ եղեք, օրիորդ — ասացի ես,— Լևոնը կլսի ու կվշտանա:

Ես հիշեցի թշվառ վարսավիրին և վախեցա՝ միգուցե որդին ենթարկվի հոր վիճակին։ Բայց բարեբախտաբար, Լուիզայի շրջապատողներն ավելի խելացի էին, քան այն երգչուհու շրջանը, որի վրա սիրահարված էր եղել վարսավիրը։ Ռաիսան խոսք տվեց ինձ այլևս չխոսել Լևոնի նվիրական զգացումների մասին...

Հասավ, վերջապես, օրիորդի ուղևորության օրը։ Մի շաբաթ էր, Լևոնն անճանաչելի էր դարձել. նա ուրախ էր ու զվարթ: Կարծես ինքն էր պատրաստվում ճանապարհորդելու: Գնում էր, գալիս, խոսում, զվարճախոսում։ Չգիտեր ինչ