Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռուբլի։ Դողդոջուն ձեռքով դնելով այդ գումարը սեղանի վրա, նա ասաց.

— Մնացյալը թույլ տվեք բերել հետո։ Ասաց և առանց մի խոսք ավելացնելու, գլուխ տվեց ու դուրս եկավ։

— Խեղճ մարդ, ինչպե՞ս ազդվեց,— ասաց տեսուչը։

Սիմոնը գնում էր տուն։ Ճանապարհին նա հիշեց տպարանը և մտնելով այնտեղ, հայտնեց տիրոջը, որ այդ օրը չի կարող աշխատել։

— Ի՞նչ է պատահել, դու դողում ես,— հարցրեց տպարանատերը զարմացած։

— Ոչինչ,— ասաց Սիմոնը ու հեռացավ։

Երկինք և երկիր մթագնել էին Սիմոնի աչքերում։ Ամոթի ու խայաառակության զգացումն էր պաշարել նրան։ Նրա որդին գո՞ղ։ Մի՞թե աստված կարող է լինել այդչափ դաժան: Ինչո՞ւ, ի՞նչ մեղքերի համար։ Մի՞թե նա չէ, որ իր շրջանում ամենից կատաղի է բողոքել մարդկային այլանդակ արարքների դեմ։

— Գո՜ղ, իմ որդին գո՜ղ,— կրկնում էին նրա բորբոքված շրթունքները երբեմն այնքան լսելի ձայնով, որ անցորդները կանգ էին առնում ու նայում նրա ետևից։

Գող՝ Սիմոն Մուրադյանի հարազատ զավա՞կը։ Այլևս ի՞նչ երեսով նա պիտի երևա իր ընկերներին ու ծանոթներին։ Ի՞նչ պիաի մտածեն նրանք։ Չէ՞ որ որքան ևս աշխատե թաքցնել իր խայտառակությունը, վերջ ի վերջո ամենքը գիտենալու են: Մի՞թե կա հնար զսպել հարյուրավոր աշակերտների բերանները։ Մի՞թե յուրաքանչյուրը նրանցից հենց այսօր ևեթ չի պատմելու իր ծնողներին սոսկալի եղելությունը։

— Ի՞նչ է պատահել քեզ, մարդ, երեսիդ գույն չկա,— դիմավորեց նրան Շողիկը։

Սիմոնը ոչինչ չաասց, դեն ձգեց գլխից իր լայնեզր գլխարկն ու նստեց հնամաշ կապերտով ծածկված թախտի վրա։

— Ի՞նչ է պատահել, ասելո՞ւ ես, թե՞ չէ,— համառեց Շողիկը:

— Մի բաժակ ջուր տուր ինձ,— արտասանեց Սիմոնը խեղդված ձայնով,— մի բաժակ ջուր։