Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ ՄԻ ՊԱՏԿԵՐ

Մարտ ամիսը տակավին չէր բոլորել յուր շրջանը, օդի մեջ արդեն տիրում էր գարնանային բուրմունքը։ Մաքուր էր երկնքի կամարը, ինչպես խնամող ձեռքով հստակված հակնթագույն ապակի, նոսր էր օդը, թեթև, հեշտաշունչ, որպես եթերքը։

Թևատարած արծիվները սլանում էին անհուն բարձրության վրա։ Եվ նրանց երկսայր ստվերները մեղմիկ և արագ սահում էին գետերի մակերևույթով, լեռների և անտառների գագաթներով, դաշտերի ու մարգերի վրա։

Ես նստած էի մի վիթխարի կաղնիի տակ, որի տերևները չէին բացվել, իմ միտքը ակամա սլանում էր դեպի երկնքի խորությունը, և թռչնոց թագուհիների եթերային բարձրությունը իմ ոչնչության զգացումն էր սաստկացնում։ Մերթ ընդ մերթ մի աններդաշնակ աղմուկ, մի կոշտ ձայն ընդհատում էր իմ մտածման թելը։ Ես նայում էի շուրջս։ Ահա անցնում են երկու պարարտակազմ մարդիկ: Իմ ականջիս հասավ նրանց ջերմ վիճաբանության մի դարձվածը.

— Կմեռներ նա քաղցից, եթե ես նրան ձեռք չկարկառեի։ Նայեցի հակառակ կողմը։ Անցնում էին երկու պճնազարդ տիկիններ, հետևելով երկու զույգ հրեշտականման մանուկների։