Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բոնժուր, մոսյո,— լսեցի մի թույլ թոքախտավոր ձայն։

Գլուխս բարձրացրի և իմ առջև տեսա Չաուշենկոյին իզկո Մարգոլիսի հետ։ Այս հանդիպումն ինձ ուրախացրեց։ Ես սեղմեցի նրանց ձեռը և իսկույն հարցրի Լևոնի մասին։

Չաուշենկոն հաստ գավազանը բարձրացրեց լայն վերարկուի տակից և, ցույց տալով նավահանգիստը, թատրոնական եղանակով ասաց.

— Այնտեղ է։

— Չաուշենկո, ինչո՞ւ այսօր ձևերդ տրագիկական են,— ասաց Իցկոն։

— Որովհետև, սիրելի ջհուդիկս, այնտեղ է կատարվում կյանքի տրագեդիան։ Մարդիկ տանջվում են ու մեռնում խավարի մեջ։ Գնա՛նք, տա՛ր ինձ այնտեղ, Իցկո։ Չաուշենկոն արիստոկրատ բանաստեղծներից չէ, որոնք խորշում են ամբոխից։ Մաքսիմ Գորկիի գրածները չես կարդացել, Չաուշենկոյինը կկարդաս։ Ութ տարի ուսումնասիրել եմ արճիճային աշխարհը. այժմ ուզում եմ ուսումնասիրել նավահանգստի ամբոխը։ Գնա՛նք, պարոն,— դարձավ նա ինձ,— դուք էլ գրող եք, գնանք, մի՛ ամաչեք։

— Գնանք, ուր ուզում եք, միայն թե Լևոնին ցույց տվեք։

— Իցկոն մեզ կառաջնորդի։ Նա խավարի ծնունդ է։ Հայրը նավահանգստում հին լաթեր ու երկաթ է ժողովում, պիտի իմանա խավար աշխարհի բոլոր խորշերը յուր ձեռքի ափի պես։

— Իսկ դու պիտի լուսավորես այդ խավար աշխարհը ահա դրանցով,— ասաց Իցկոն, զարկելով բանաստեղծի ձեռքի գրքույկներին։— Քանի՞ օրինակ ես վերցրել։ Տա՞սը։ Կխարջենք, միամիտ կաց։ Նո՛ւ, չիմբա-չիմբա, չիլալա... Չաուշենկո, չիլալա՜։

Նա ձախ ոտը բարձրացրեց և աջ ոտի վրա ոստոստալով, վազեց առաջ։

Օդեսայի նավահանգիստը քաղաքի հետ միացած է մի հսկայական քարե սանդուղքով, որի բարձրության վրա բուլվարի մեջտեղում կանգնած է քաղաքի հիմնադիր Ռիշիլիեի արձանը, իսկ ստորոտում կառուցված է մի փոքրիկ եկեղեցի