Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քեռի Սիդորի կատուն պոկոտել է,— ասաց Իցկոն. ծիծաղելով։

Քեռի Սիդորը «Արքայական յախտայի» տերն էր, կատուն՝ օղին։

Վերջապես, հասանք ընդարձակ պանդոկի համեմատաբար մի ապահով անկյուն, ուր մեր կողերը ջարդվելու վտանգից ազատվեցին։ Այստեղ մի երկար սեղանի քով նստած էին տասնի չափ նավաստիներ։ Սեղանը ծածկված էր կեղտոտ ամաններով, հացի կտորներով, ուտելիքների ու ծխախոտի մնացորդներով, գարեջրի և օղու շշերով ու բաժակներով։

—— Ահա և՛ ձեր արտիստը,— ասաց Իցկոն, ցույց տալով սեղանի ծայրը։ Այնտեղ նստած էր Լևոնը։ Նա կիթառ էր նվագում և զվարճացնում սեղանակիցներին։ Չնայելով յուր չքավորությանը, ես մինչև այդ օրը նրան կեղտոտ չէի տեսել։ Գոնե շապիկը միշտ անարատ էր, ձեռներն ու երեսը մաքուր, կոշիկները վաքսած, փայլուն։ Իսկ այժմ նա նմանվում էր գործարանական բանվորի։

Իմ երևալը նրան զարմացրեց։ Նա չընդհատեց նվագումը, բայց չափազանց շփոթվեց, կարմրեց։ Նավաստիները նրան լսում էին ուշադիր, թեև արդեն բոլորն հարբած էին։ Իրանց հիացմունքն արտահայտում էին գոռում–գոչյուններով։ Երբեմն մեկը կամ մյուսը վեր էր կենում, գրկվում ու համբուրվում նրա հետ կամ, մեջքին զարկելով, արտասանում էր․

— Մալադե՜ց, Լյովա, մալադե՜ց․․․

Չաուշենկոն մեզ հրավիրեց նստել մի դատարկ սեղանի քով, ասելով, թե Լևոնին չի կարելի խանգարել, նավաստիները կկատաղեն։ Մի շիշ գարեջրի պատրվակով կարելի էր նստել, և մենք նստեցինք։ Լևոնը շարունակ մեզ էր նայում ու ժպտում։ Այդ տասն օրվա ընթացքում նա ավելի նիհարել էր ու թորշոմել։ Առաջին անգամ այդ օրը նրա բերանի անկյուններում նկատեցի թեթև խորշեր։

Սեղանի մոտից վեր կացավ լայն թիկունքով ու մեծ