Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախահայրերի ձիրքով կամ հերոսությունով, բաքվեցու համար ամեն ինչ աճուրդով է որոշվում, շատ է վճարում, նա է և՛ մեծը, և՛ խելոքը, և՛ ազնվականը, և՛ գեղեցիկը, և՛ տաղանդավորը...

Ուստի զարմանալի չէր ինձ համար, որ Բաքվի կլուբում բարեկամացել էին ու ընկերացել այն թիֆլիսեցիները, որոնք իրանց քաղաքում ոչինչ հարաբերություն չունին միմյանց հետ։ Այստեղ արիստոկրատ և դեմոկրատ, հայտնի ընտանիքի զավակ և մի խարազի որդի թև—թևի տված էին շրջում, միասին ընթրում ու միասին գալիս ու գնում։ Ահա և աճուրդի օրը։ Արքունական կալվածների վարչության փոքրիկ դահլիճը առավոտյան 12 ժամին արդեն լի է բազմությունով։ Եվ ի՜նչ բազմություն. ռուս, հայ, անգլիացի, ֆրանսիացի, լեհացի, թուրք, վրացի, բոլորը խառնվել են միմյանց։ Յուրաքանչյուրը մի ահագին ծրար ձեռին փողով լի, մոտենում է դահլիճի անկյունում կանգնած սեղանին և դնում նահանգապետի առջև։ Բանկերում այդ օրը փող չի մնացել. բոլորը դատարկվե՛լ են։ Ոմանք թուղթ փող չգտնելով, ոսկի են բերում։ Ահա ամբոխը ճեղքելով, մի ահագին ձեռնարկղ ոսկով լի ձեռին, հազիվհազ կարողանում է ոտները փոխել մի նավթարդյունաբեր։ Նրա բեռան ծանրությունը կլինի մոտ 3—4 փութ։ Քրտինքը թափվում է նրա երեսից։ Նա կարմրել է, հազիվհազ շունչ է քաշում, աչքերը քիչ է մնում դուրս պրծնեն։ Բայց նա ժպտում է։ Տասնևյոթ տարի սրանից առաջ ես նրան տեսել եմ սայլապանի դերում, մրոտ ձեռքերը կրծքին դարսած՝ գրասենյակների առջև կանգնած, իր վարձին սպասելիս։ Այժմ նա 4—5 միլիոնի կարողություն ունի, բայց սայլապանի սիրտը դեռ մնացել է նրա մեջ։ Նա կասկածոտ է և գուցե ժլատ։ Նա բարվոք է համարում մոտ 60 տարեկան հասակում հասարակ մշակի բեռան ծանրությունը կրել, քան հինգ ռուբլի տալ մի артелщик-ի, որ 3—4 փթանոց ձեռնարկղը բերի աճուրդավայրը...

Մեկ ժամը կեսօրվա լրանում է։ Բոլոր ծրարները ներկայացված են։ Պաշտոնյաներից մեկը անցնում է ամբոխի միջով․ բարձրաձայն կրկնելով. «Պարոններր, մեկ ժամը լրանում է, ով ծրար ունի, թող շտապի հանձնելու»։

Դահլիճ, պատշգամբ, նախասենյակ լի են ամբոխով։