Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չաուշենկոն վերցրեց սեղանի վրայից յուր գրքույկները և հանդիսավոր քայլերով մոտեցավ նավաստիներին։

— Պարոննե՛ր, ես ո՛չ տիրացու եմ, ո՛չ տաճարի համար լումա ժողովող։ Ես երգիչ եմ․․․

— Երգիչ, երգիչ, այդ շատ լավ է,— ասացին ոմանք։— Դեհ երգիր, տեսնենք։

— Երգիր՝ «Օ՜հ, իմ վիշտը,— պահանջեց Սիբիրի ռեխը,— «Օ՜հ, իմ վիշտը»։

— Օ՜հ, խավար․ ահա իմ վիշտը,— արտասանեց բանաստեղծը։— Պարոննե՛ր, ես ձայնով չեմ երգում, այլ գրչով։ Գնեցե՛ք մի-մի օրինակ ահա այս գրքույկներից։ Դուք, պարոններ, ինչպես տեսնում եմ, երաժշտություն սիրում եք, մի՛ մոռանաք, որ բանաստեղծությունն էլ նրա քույրն է։

— Քո՞ւյրն է,— ասաց Սիբիրի ռեխը — ապա տո՛ւր ինձ այդ գեղեցկուհուն․․․

Նա խլեց գրքույկներից մեկը, դրեց դատարկ ամանի մեջ, վրան օղի թափեց և, լուցկին վառելով, ասաց․

— Ապա, տեսնենք, քույրն ինչպես է երգում։

Օղին այնքան թունդ չէր, որ վառվեր։

— Քեռի՛ Սիդոր,— գոչեց Սիբիրի ռեխը,— կատվիդ մագիլները հանել ես․․․ խի-խի-խի՜ , սպիրտ բեր․․․

— Է՜յ Սիբիրի ռեխ,— ասաց «Դյադուշկան»,— այսօր դու մեզ ուզում ես խայտառակել: Գրքերր սուրբ են, հանցանք է նրանց այրելը․․․ Գնե՜նք մի-մի օրինակ․․․

Նավաստիները գնեցին մի-մի օրինակ «Վշտի և տանջանքների ժամերից», իսկ անհանգիստ Սիբիրի ռեխը մի մեծ բաժակ օղի ձեռքում մոտեցավ հեղինակին։

— Կոնծի՛ր, դնչիցդ երևում է, որ սիրում ես․․․

Չաուշենկոն խմող չէր։ Երկու ձեռները դեմ տվեց բաժակին, գոչելով․

— Հեռո՜ւ ինձանից համառուսական թույն․․․

Այն ժամանակ Սիբիրի ռեխը կպավ Լևոնին․

— Խմի՛ր, դու մինչև այսօր դեռ չես հաղորդվել․․․ Թե քրիստոնյա ես, պիտի խմես․․․

—Լյովա, Լյովա, մի բաժակ իմ խաթրու,— խնդրեցին մյուսները։