Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լևոնը հրաժարվեց, ասելով, թե խմելուց հետո չի կարող նվագել։ «Դյադուշկան» նրան պաշտպանեց։

Օրն արդեն մթնել էր։ «Դյադուշկան» հայտնեց, թե շոգենավ վերադառնալու ժամանակ է։ Խումբը վճարելով կերած-խմածի գինը, նաև Լևոնի վարձը, դուրս եկավ աղմուկով, գոռում-գոչյուններով, միմյանց բոթելով ու հարվածելով։

Փողոցում Չաուշենկոյի գլուխը պտտվեց այնպես, որ անշուշտ կընկներ, եթե չհենվեր պատին։ Խմիչքների հոտը և ծխախոտի ծուխը շշմեցրել էին նրան։ Բայց նա կրկնում էր․

— Շատ ուրախ եմ այստեղ գալուս, շատ ուրախ եմ, ամեն օր պիտի գամ։ Ո՜րքան նյութ, որքա՜ն նյութ գրողի համար։

Իցկոն ոստոստում էր Լևոնի շուրջը։ Վերջապես, ձեռքը գցելով նրա թևին, հարցրեց․

— Այսօր ինձ համար շոկոլա՞դ ես առնելու, թե՞ ծխախոտ։

— Երկուսն էլ։

— Ֆիա՜մ, ֆիա՜մ, ուրեմն այսօր երկու ռուբլուց ավելի ես հավաքել․․․ Կեցցե՜ տրիո։ Ես այսօր ոչինչ չեմ վաստակել։ Բանաստեղծ, պիտի ինձ համար մի սրինգ գնես։ Ես էլ ուզում եմ սրինգ նվագել։

— Կգնեմ, ինչու չեմ գնիլ,— ասաց Չաուշենկոն բարեսրտաբար։

— Չիմբա-չիմբա-չիլալա, Չաուշենկո, չիլալա՜․․․

Երբ ընկերները բաժանվեցին, ես հետաքրքրվեցի իմանալ՝ ինչու Լևոնը փոխել է յուր արհեստը։ Չէի ուզում հավատալ, որ առանց վերին աստիճանի ստիպողական մի պատճառի կարող է նա ցերեկներն անգամ ապրել թատրոնից հեռու։

— Կարիքն է ստիպում, սինյոր,— պատասխանեց նա հանդարտ։

— Բայց չէ՞ որ դու առաջ Էլ կարիք ունեիր։

— Ես ուզում եմ մորս կամքը կատարել։

— Այսի՞նքն։

— Ուզում եմ նրան ապահովել։