Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես նայեցի նրա աչքերի մեջին և հասկացա, որ կեղծում է։ Փողոցային լապտերի լույսը մատնեց նրա այլայլվելը։

— Է՛հ, շատ գովելի է,— ասացի ես,— որ ուզում ես մորդ ապահովել։ Բայց ների՛ր, Լևոն, այս անգամ շատ էլ չեմ հավատում քեզ։ Կարծում եմ, ուրիշ նպատակ ունիս։

Նա ոչինչ չասաց, միայն քայլերն արագացրեց։

— Ո՞ւր ես շտապում, հարցրի ես։

— Թատրոն։

— Է՞լի թատրոն։

— Այո՛, սինյոր․․․ այսօր լավ դրամա են ներկայացնում․․․

Եվ, երևի, իմ հարցուփորձից ազատվելու համար, շտապով հեռացավ։ Ես արդեն գուշակել էի նրա միտքը․․․

Մի քանի անգամ այցելեցի «Արքայական յախտա»-ն։ Լևոնին այնտեղ սիրում էին։ Նավաստիները խլում էին նրան միմյանց ձեռքից։ Նա գիտեր նվագել մալոռուսական եղանակներ ու պարեր։ Անցնում էր մի խմբից մյուսը, բոլորին զվարճացնում, հավաքելով յուր տասնական կոպեկները: Զվարճության տաք միջոցներին սեղանակիցները երբեմն խնդրում էին նրան խմել մի-մի բաժակ օղի կամ գարեջուր: Նա չէր ուզում խմել և չէր կարողանում խմել։

Մի անգամ իմ ներկայությամբ, երբ զզվանքով հետ դրեց օղու բաժակը, նրա համար պահանջեցին ինչ-որ քաղցր ըմպելիք: Նա մի բաժակ խմեց, հետո երկրորդն և զվարթացավ․․․ Ցավալի էր ինձ համար, որ նա այցելում է այդ ստորին վայրերը։ Բայց իրավունք չէի համարում համոզել նրան թողնելու այդ տեղերը։ Ուրիշ ի՞նչ միջոց ուներ նա ապրելու, բացի նախկին ողորմելի պարապմունքից։

Մի օր նա ասաց․

— Սինյոր, երկու ամիս չկա, արդեն երեսուն ռուբլի եմ հետաձգել։ Բայց մորս չասեք։

— Ինչո՞ւ։

— Որովհետև այդ փողերը ինձ հարկավոր են․․․

— Իտալիա գնալու համար,— լրացրի ես նրա խոսքը։ Խնդիրը միանգամից պարզելու համար,— մի՛ զարմանաք Լևոն, ես այդ վաղուց գիտեի։